Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:
Տնտեսական զարգացում ապահովելու նպատակով ախտորոշվել են ներդրումների ոլորտի խնդիրները, այն է՝ Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներդրումների հոսքի բարձր մակարդակը: Սակայն 2016 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 մլն ԱՄՆ-ի դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3%-ն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ:
Արդյունքում՝
- Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունը մնում է խիստ սահմանափակ.
 - Հայաստանի տնտեսությունը զրկվում է` օտարերկրյա ներդրումներն ուղեկցող նոր արտադրական տեխնոլոգիաների, կառավարման նոր մշակույթի մուտքի հնարավորությունից.
 - Հայաստանը կորցնում է տարածաշրջանային տնտեսական մրցունակությունը:
 
Ինչ է արվել
Կարդացեք նաև
- Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային առաջադեմ ստանդարտին հասցնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը:
 - Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից և ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի արդյունքում մարզերից ստացված ներդրումային ծրարգրերի հարթակի միջոցով հավաքվում են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն իսկ հավաքագրվել է շուրջ 160 քննարկման ենթակա ներդրումային ծրագիր, որոնցից մոտ 110-ը մարզերում (մոտ մոտավորապես 240 մլն դոլար արժողությամբ):
 - Իրականացված աշխատանքների արդյունքում, 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կընդլայնեն թվով 8 ընկերություն, որոնք շուրջ 3 մլրդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն շուրջ 824 աշխատատեղեր:
 - Կազմակերպվել են հինգ ներդրումային համաժողովներ:
 - Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից նախագծվել և ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։
 
ՀՀ կառավարություն


















































                        
         
         
         
                                
                                
                                
                                