Լրահոս
Օրվա լրահոսը

Կոշտ գնահատական՝ Լուկաշենկոյին. ԱԺ-ում սպառնում են դեսպանին հետ կանչել, ցույցեր անել ու սառեցնել ՀԱՊԿ անդամությունը

Փետրվար 08,2017 12:37

Այսօր ԱԺ նիստի սկզբում խմբակցությունները, պատգամավորները կոշտ գնահատականներ հնչեցրեցին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հասցեին:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ «Մենք բոլորս տեսանք, թե ինչպես մեր «բարեկամ» Բելառուսը հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին  մարդու իրավունքների միջազգային նորմերը խախտելով՝ արտահանձնեց մեր հակառակորդ Ադրբեջանին: Բացի այն, որ մարդու ազատ կամարտահայտման իրավունքից զրկելու դեպք էր սա, նաեւ այդ մարդուն բացահայտ մեղադրում են ԼՂՀ այցելելու, դրա հետ կապված իր մտքերը եւ տեսակետները հայտնելու համար»:

Նա կոչ արեց, որ ԱԺ-ն, լինելով ՀՀ թիվ մեկ քաղաքական մարմինը, իր դիրքորոշումը հայտնի:

Էդուարդ Շարմազանովը, որպես հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հայտարարեց, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությւունից: Սա քայլ է ե՛ւ ՌԴ-ի, եւ խաղաղ կարգավորման եւ ՀՀ-ի դեմ, հարված է ժողովրդավարական արժեքներին. «Սա ուղղակի խայտառակություն եւ կեղտոտ գործարք է»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Բելառուսը ՀԱՊԿ եւ ԵՏՄ մեր ռազմավարական դաշնակիցն է համարվել, եւ հիմա Լապշինին ընդամենը Արցախ այցելելու եւ Արցախի մասին դրական արտահայտվելու համար արտահանձնելն Ադրբեջանին՝ նույնն  է, երբ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց. «Ես կոչ եմ անում այս իրավիճակին մտահոգ բոլոր քաղաքացիներին այսօր ժամը 15-ին լինել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց` մեր կոշտ դիրքորոշումը արտահայտելու»:

Նա կոչ արեց նաեւ, որ ԱԳՆ-ն հետ կանչի Բելառուսում մեր դեսպանին եւ դիվանագիտական, քաղաքական ամենակոշտ հակազդեցության միջոցները ձեռնարկի:

Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն էին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները: Սամվել Ֆարմանյանն ասաց, որ ինքը չի կասկածում՝ Ադրբեջանի իշխանությունները ոչ համարձակություն, ոչ էլ քաղաքական «բագաժ» ունեն, որ Լապշինին պատասխանատվության ենթարկեն, կգտնեն պատրվակ նրան արտահանձնելու ՌԴ-ին, այլ երկրներին, սա պարզապես ուղերձ է, որ չայցելեն Արցախ: Ֆարմանյանը հիշեցրեց. «Անգամ Ստալինի նման բռնապետին չի հաջողվել իր երկրի քաղաքացիներին , հպատակներին ստիպել մտածել այնպես, ինչպես ինքն է ցանկացել: Եվ դա չի հաջողվի առավել եւս Բելառուսի եւ Ադրբեջանին նախագահներին»:

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ մտահոգիչ է այն, որ ՀԱՊԿ-ը եւ ԵՏՄ-ն, իսկ Բելառուսը, որպես դաշնակից պետություն, սկսում է արժեզրկվել եւ ՌԴ-ն այստեղ մտածելու հարց ունի:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը միացավ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ կոչ անելով իսկապես բոլորով բողոքի ցույցեր անել Բելառուսի դեսպանատան մոտ:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ անթույլատրելի էր Լուկաշենկոյի քայլը, իսկ մենք բոլոր մակարդակներով պետք է պայքարենք այս երեւույթի դեմ, որ այն չդառնա նախադեպ Ադրբեջանի համար՝ հետագայում նման գործընթացներ վարելու համար. «Մենք եւ սփյուռքը պետք է պայքարենք, որ Ադրբեջանը այդ վախի մթնոլորտը չկարողանա տարածել մշակութային գործիչների մոտ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղի ունեցածը որակեց աննախադեպ լկտի արարք եւ ցինիզմ: Նա հայտարարեց, որ կողմ կլինի, որ այս պահին ոչ միայն հետ կանչեն դեսպանին, այլեւս սառեցվի մեր անդամությունը ՀԱՊԿ-ում, մինչեւ խնդրին չտան իրավական կարգավորում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728