Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ ներկայացրած քաղաքացիական հայցի նախնական լսումը:

«Գյումրեցու ոգի» կուսակցության շահերը պաշտպանող 10 փաստաբաններից այսօր դատարան էր ներկայացել ընդամենը մեկը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գագիկ Թովմասյանը: Վերջինս նշեց, որ հայցադիմումին կցված չէ այն տեսաերիզը, որը ԱԺ պատգամավորը համարում է զրպարտություն ու վիրավորանք: Դատական նիստը ընդմիջվեց մի քանի րոպեով, մինչեւ որ Հովհաննես Մարգարյանի շահերը պաշտանող Ալբերտ Դերձակյանն ու Օհան Գեւորգյանը բերեցին տեսաերիզի երկու օրինակ՝ DVD տարբերակներով: Նրանք մեկ օրինակը տրամադրեցին դատավորին, մյուս օրինակը «Գյումրեցու ոգի» կուսակցության ներկայացուցչին:
Կարդացեք նաև
Պատգամավորի շահերի պաշտպանները դատարանից պահանջեցին բերել տեխնիկա ու տեղում ծանոթանալ՝ տեսաերիզը բացո՞ւմ է, նորմա՞լ է: «Չէ, հենց հիմա թող նայեն, չգնան հետո զրպարտեն, թե մեզ չեք տվել տեսանյութի օրինակը»,- բացականչում էին դատարանի դահլիճում նստած պատգամավորի կուսակից ընկերները: Նրա փաստաբանները նույնպես պնդում էին, որ պետք է տեղում համոզվել տեսաերիզի առկայության հարցում, որպեսզի սա չդարձնեն դատական նիստերը ձգձգելու պատճառ, հաջորդ նիստին չհայտարարեն, թե տեսաերիզը չէր բացում:
Մինչդեռ «Գյումրեցու ոգի» կուսակցության փաստաբանը նշում էր, որ ինքը կծանոթանա տեսանյութին պատշաճ պայմաններում ու կարտահայտի իր տեսակետը: Դատական նիստը 10 րոպեով ընդմիջվեց դատարան տեխնիկա բերելու համար: Եվ մինչ Հովհաննես Մարգարյանի փաստաբաններից մեկը տեխնիկան կհասցներ դատարան, դատավորն այս ընթացքում հետաձգեց դատական նիստը: Նիստից հետո տեխնիկան բերեցին ու միացրեցին տեսանյութը:
Հովհաննես Մարգարյանի շահերի պաշտպան Ալբերտ Դերձակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը դեռեւս 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 21.35-ին այն տեղադրել է իր էջում՝ որպես գլխավոր տեսանյութ ու 2017 թվականի փետրվարի 2-ի դրությամբ ունեցել է շուրջ 16 հազար դիտում: «16 հազար մարդ դիտել է այդ տեսաերիզը ու ունեցել է իր կարծիքը, ընդ որում եղել են նաեւ մեկնաբանություններ՝ հավանության ու զայրույթի: Այսինքն մենք գտնում ենք, որ միանշանակ մեր վստահորդի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել են, եւ կողմը պարտադիր պատասխանատվություն պետք է կրի», -ասաց Ալբերտ Դերձակյանը: Ըստ նրա, այդ տեսանյութն իրականության հետ աղերս չունի, եւ որ պատասխանող կողմը պատճառ է փնտրում դատական նիստերը միտումնավոր ձգձգելու, որպեսզի հերքումը ուշ լինի: Իսկ սա, ըստ Ալբերտ Դերձակյանի, կապված է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների հետ, այս ձեւով փորձում են տեսանյութը օգտագործել Հովհաննես Մարգարյանի դեմ:
Նկատենք, որ սա Գյումրիում հասարակական հնչեղություն ունեցող այն եզակի դատավարություններից է, որի տեսալուսանկարահանումը կոնկրետ այսօր արգելվեց: Դատավոր Հայկանուշ Միքայելյանը, տեսնելով նկարահանող հեռուստաընկերությունների օպերատորներին, ասաց, որ պիտի ստանա կողմերի համաձայնությունը, որպեսզի թույլատրի կամ արգելի նկարահանել: Սակայն, լրատվամիջոցների պարբերաբար հիշեցումն անտեսելով՝ դատավորն ամբողջ նիստի ընթացքում քննարկման չդրեց այս հարցը: Շիրակի մարզի դատարանում երբեք նախադեպը չէր եղել, որ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող նիստերը չթույլատրեն նկարահանման, խոչընդոտեն լրատվամիջոցներին իրենց աշխատանքը կատարելու:
Նշենք նաեւ, որ «Գյումրեցու ոգի» կուսակցության փաստաբանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք նաեւ, որ որպես «Գյումրեցու ոգի» կուսակցության հիմնադիր՝ մամուլում նշվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա ավագ որդու անունը: Սամվել Բալասանյանն ու Հովհաննես Մարգարյանը կաթի փոշու պատմության ժամանակ եղել են մոտ ընկերներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































