Լրահոս
Օրվա լրահոսը

Կիզակետում կինոարվեստն է. ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է ամերիկյան ֆիլմեր ցուցաշար՝ «Մարդկային պատմությունների խճանկար»

Փետրվար 13,2017 13:39

Երբ լույսերը հանգում են ու կինոթատրոնի էկրանին սկսվում է ֆիլմը, մենք արագ տեղափոխվում ենք դեպի այլ ժամանակներ ու վայրեր: Ֆիլմերի միջոցով մենք կարող ենք տեսնել ուրիշների պատմություններն ու գնալ նրանց հետքերով: Շեշտադրելով ֆիլմերի ու կինոարվեստի փոխակերպող բնույթը՝ ԱՄՆ դեսպանատունը մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշար «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո և առաջիկա երկու ամիսների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացնի 33 ամերիկյան ֆիլմեր: Անդրանիկ ցուցադրությունը կլինի փետրվարի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում և էկրան կբարձրանա մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:

«Ֆիլմերը մեզ տեղափոխում են մի նոր աշխարհ, մեզ ներկայացնում այլ մոտեցումներ, օգնում հասկանալ մեզ շրջապատող աշխարհը», – ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում մեկ շաբաթով Հայաստան է ժամանում նաև «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր ռեժիսոր/պրոդյուսեր Ջանեթ Գրիլոն, ով քննարկումներ կունենա հանդիսատեսի հետ, ուսանողական խմբերի հետ քննության կառնի կինոարվեստը և կներկայացնի աուտիզմնին առնչվող իր փորձը: Ցուցաշարը կբացվի տ-ն Գրիլոյի ֆիլմով, որը պատմում է փախուստի մեջ գտնվող մի դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ և կարողանում ստեղծել յուրահատուկ կապ աուտիզմ ունեցող 11-ամյա աղջնակի ու նրա ընտանիքի հետ: Ֆիլմի ցուցադրմանը կհաջորդի հանդիսատեսի հարց ու պատասխանը ռեժիսորի հետ:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը կշարունակվի մինչև մարտի 31-ը. կներկայացվեն թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ֆիլմեր: Ֆիլմերը կցուցադրվեն Երևանում, Գյումրիում ու Վանաձորում:

Ցուցաշարում ընդգրկված մյուս ֆիլմերում անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ հաշմանդամությունը, ծաղրն առցանց տիրույթում, բնապահպանությունը, ծրագրավորման ոլորտում առկա գենդերային բացը, մշակույթի ու խոհանոցի միջև կապը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է, իսկ դահլիճում տեղերը համալրվում են առաջին եկողն առաջինն է տեղ զբաղեցնում սկզբունքի համաձայն: Ամբողջական ծրագիրը կարող եք գտնել առցանց՝ www.usa.am/announce/AFSArmenia:

Ֆիլմերի ցուցադրմանը զուգընթաց «Մարդկային պատմությունների խճանկարի» շրջանակում նախատեսվում է երիտասարդ հայ վավերագրողների համար անցկացնել մեկ շաբաթ տևողությամբ դասընթաց ֆիլմերի մոնտաժման վերաբերյալ, որը կվարի մոնտաժի օսկարակիր վարպետ, ինչպես նաև տարբեր մրցանակների արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը:

«Հայերն այնքան հուզիչ պատմություններ կարող են էկրանավորել, և հիանալի է, որ մեր հարգարժան հյուրերն այդքան շատ ժամանակ են անցկացնելու երիտասարդ հայ ռեժիսորների հետ: Նպաստելով նրանց հմտությունների կատարելագործմանը՝ մենք հուսով ենք, որ կինոարվեստի նոր սերնդի հայաստանյան գործիչները կկարողանան առավել վստահ ներկայացնել իրենց պատմությունները հայ ու միջազգային հանդիսատեսին», – ասաց դեսպան Միլսը:

 

ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728