Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարական համերգներին ու կորպորատիվներին պահանջված կոմպոզիտորը լավ է «մարսել» իր 3 պրոֆեսորների դասերը

Մարտ 06,2017 13:30

Կոմպոզիտոր, դաշնակահար Կարեն Անանյանը (լուսանկարում) օրերս օպերային թատրոնի նվագախմբի եւ երգչախմբի մատուցմամբ ներկայացավ իր նոր ստեղծագործությամբ՝ «Ավե Մարիայով» (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Արվեստագետը որպես կատարող, կոմպոզիտոր, գործիքավորող եւ գեղարվեստական ղեկավար, ավելի քան 10 տարի մասնակցում է բազմաթիվ նախագծերի Հայաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում: Վերջին մի քանի տարիներին էլ երաժշտին մշտապես հանդիպում ենք կառավարական միջոցառումներին եւ կորպորատիվներին: Նա այն եզակի հայ կոմպոզիտորներից է, որ առաջին մրցանակի է արժանացել միջազգային մի քանի մրցույթներում: Իսկ երաժշտի հեղինակած ստեղծագործությունների շրջանակը շատ լայն է՝ սիմֆոնիկ, կամերային, դաշնամուրային, վոկալ ստեղծագործություններից մինչեւ ջազային կոմպոզիցիաներ, փոխադրումներ եւ մշակումներ:

Կարեն Անանյանը, որը 2000 թվականից դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում, «Առավոտի» հետ զրույցում հիշատակեց իր մասնակցած մրցույթներից ընդամենը մեկը. «4 տրոմբոնի 3 մասից բաղկացած երկս 2013թ. Գերմանիայում կայացած մրցույթում ճանաչվեց լավագույնը, ընդ որում, ես այն ժյուրիին էի ներկայացրել համացանցով»: Վերջին տարիներին մեր կոմպոզիտորները սկսել են հաճախ մասնակցել մրցույթների, այդուհանդերձ, քանակի առումով զիջում են կոլեգաներին՝ վոկալիստներին, դաշնակահարներին, ջութակահարներին, կարճ ասած՝ կատարողական արվեստի մյուս ներկայացուցիչներին: Հետաքրքրվեցինք՝ այսօր, ասենք՝ երիտասարդ կոմպոզիտորը ժյուրիի ուշադրությունը ի՞նչ ստեղծագործությամբ կարող է գրավել, մանավանդ՝ հանդիսատեսից հաճախ լսում ենք, թե մերօրյա հեղինակներից շատերը, այդ թվում՝ նաեւ «դրսի», ամեն ինչ մատուցում են «ժամանակակից» անվան տակ, դրանով կարծես արդարացնելով սեփական գործի ցածրարժեք լինելը:

Կարեն Անանյանն ու Դավիթ Միքայելյանը՝ ելույթի պահին:

Շրջանցելով հարցը, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Անձամբ ինձ հիացնում են երաժշտարվեստի տարբեր ոլորտների բարձրարվեստ գործերը: Իսկ տարբեր ժանրերում ստեղծածս երկերը ունեն դասական հենք»: Հետո էլ հավելեց, թե իբրեւ կոմպոզիտոր, ժամանակին ուսանելով տարբեր պրոֆեսորների դասարաններում, յուրաքանչյուրից վերցրել է, իր խոսքերով՝ «մի արժեք». «Մինչ օրս ականջիս են Ղազարոս Սարյանի իմաստուն խորհուրդները, Միխայիլ Կոկժաեւից «վերցրել» եմ գործիքավորման արվեստի նրբությունները, իսկ Արմեն Սմբատյանը սովորեցրել է ավելի վստահ ու գործնական լինել»:

Կոմպոզիտորն իր վերջին ձեռքբերումներից առանձնացրեց ընդամենը երկուսը: «Փարիզում 2015թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մատուցմամբ հնչեցին իմ ստեղծագործություններն ու մշակումները, իբրեւ մենակատար գործիքներ էլ հանդես եկան քանոնը, դուդուկը, թառը: Հանդիսատեսն իսկապես մեծ ոգեւորությամբ ընդունեց: Իրենց «հայեցի» ու «հայկական» կատարումներով էլ հանդես եկան սիրված երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները: Անցյալ տարի էլ Համբուրգի Hamburg musical halle-ում հանդես եկա գերմանաբնակ մեր հայրենակից ռոքեր Դավիթ Միքայելյանի հետ: Այլ ստեղծագործությունների թվում հնչեցին նաեւ իմ գործերից եւս»,- հայտնեց կոմպոզիտորը:
Ժամանակին մեզ հետ զրույցում երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանն առանձնացնելով Կարեն Անանյանի մի քանի ստեղծագործություններ, այդ թվում՝ «Ոգեշնչում» սիմֆոնիկ պատկերը, «Ճանապարհորդություն Ամերիկայով» կոնցերտ-ռապսոդիան, «Կարնո շորոր», «Գարնանային անուրջներ», դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված երկերը, ինչպես նաեւ դաշնամուրային տրիոն եւ այլն, նշելով ստեղծագործողի մարդկային չափից ավելի զուսպ տեսակը եւս, ափսոսանք հայտնեց, որ հաճախ չեն հնչում նրա ստեղծագործությունները: Մենք էլ հետաքրքրվեցինք, թե ինչու, ասենք, ստեղծագործական կամ հոբելյանական երեկո երբեւէ չի նախաձեռնել: Կարեն Անանյանը ժպտալով պատասխանեց, թե անցյալ տարի իր ծննդյան 40-ամյակն էր, ինչը սովորաբար չեն նշում, հետո էլ ասաց. «Անպայման կմտածեմ այդ ուղղությամբ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

04,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031