«Ժառանգության» հետքերով ՀՀԿ-ն վաղուց է ընթանում, նոր չի: Ձախ Հարութը եկավ մեզ աջակցելու, դրանից հետո Ձախ Հարութին հիշեցին, Ռեինկարնացիան մասնակցեց մեր քարոզարշավին, հիմա «Ռեինկարնացիային» են վերցրել: Հաջորդ խումբը, եթե ուզում է ՀՀԿ-ի միջոցով գումարներ աշխատի, թող դիմի մեզ, մենք նրա ռասկրուտկան էլ կանենք»,- խոսելով ՀՀԿ-ի նախընտրական քարոզչական հոլովակի մասին՝ մեզ հետ զրույցում ասաց «ՕՐՕ» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շատ անիրատեսական է համարում ընդդիմադիրների նախընտրական ծրագրերի այն խոստումները, թե թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու են, գազի պաշարներ են հանելու եւ այլն: Նա հարցրել էր՝ ո՞ւմ եք ուզում խաբել, ժողովրդի՞ն եք ուզում խաբել, այդ ամեն ինչը 40 օր է տեւում, իսկ մեր փոքր երկրի պարագայում՝ 20 օր:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այն, ինչ իրենք չեն կարողանում անել, դա դեռ չի նշանակում, որ որեւէ մեկը չի կարողանալու անել: Ես լավ արագավազորդ չեմ կարող լինել, բայց դա չի նշանակում, որ լավ արագավազորդներ աշխարհում չեն կարող լինել: Դրա համար այն, ինչ իրենք չեն կարողանում անել, թող մեր վրա չփաթաթեն:
Կարդացեք նաև
Հետո մենք շատ իրատեսական բան ենք ասում՝ աշխատավարձերի եւ թոշակների ինդեքսացիա: Տվյալ տարվա գնաճի չափով բարձրանալու է, չէ՞ որ այդ գնաճի արդյունքում մենք մեր գումարները հարկերի տեսքով բարձր տալիս ենք: Դա լինում է ոչ թե նրա պատճառով, որ մենք վատ ենք աշխատել, այլ հարկերն ավելացել են: Այդ նույն բյուջեից թող կորուստների փոխհատուցում տեղի ունենա:
Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր չի աշխատավարձ բարձրացնել՝ իրենց թալանածը բյուջեից, որ կրճատենք, այն, որ փայատիրություն են մտնում, մարդկանց չեն թողնում գործ դնեն, եթե դա վերացնենք, այն գումարները, որ պետք է ՀՀ գան ներդրումների տեսքով եւ չեն գալիս անարդարությունների, ահաբեկումների, փայատիրության վախից ելնելով, եթե այդ գումարները ՀՀ-ում դառնան իրական ներդրումներ, այդ ժամանակ ոչ թե մենք ենք աշխատավարձ բարձրացնելու, այլ աշխատավարձն ինքն իրենով բարձրանալու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































