Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Կրկնակի շնորհակալ ենք նրանց, ովքեր և՛ երգում են, և՛ հայտարարում, խոսում են և՛ տեր են իրենց քաղաքացիական դիրքորոշմանը

Մարտ 10,2017 14:54

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չեն պատրաստվում մոնտաժել կամ փոփոխության ենթարկել ՀՀԿ-ի քարոզչական տեսահոլովակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան ակումբներից մեկը՝ «Առաջին հայկական ճակատը» (ՖԱՖ), հանդես է եկել հայտարարությամբ: Նրանք հայտնում են, որ ՀՀԿ-ն առանց իրենց իմացության խորհրդարանական քարոզարշավի հոլովակներից մեկում տեղադրել է իրենց մասնակցությամբ կադրեր: Երկրպագուները պահանջում են հեռացնել այդ կադրերը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Բազմիցս հայտարարել ենք՝ ՖԱՖ-ը ապաքաղաքական կառույց է եւ չի հարում որեւէ քաղաքական ուժի: Հաճախելով մարզադաշտ շարժման անդամների մասնակցությամբ կադրեր՝ չպետք է հայտնվեն ինչ-որ ուժերի քարոզչական հոլովակներում»:

Մեզ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նախ խուսափեց մեկնաբանել: Երբ պնդեցինք, թե մարդիկ պահանջ են ներկայացրել, ի պատասխան ասաց. «Լավ են արել, պահանջ են ներկայացրել, իրենց իրավունք է, ես չեմ մեկնաբանում»:

Հետաքրքրվեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ առանց երկրպագուների հետ համաձայնության են այդ կադրերը վերցվել, պարոն Շարմազանովը պարզաբանեց. «Միայն կարող եմ ասել, որ երկրպագուները տասնյակ հազարավոր են, և չեմ կարծում, որ որևէ մեկն իրավունք ունի նրանց անունից կարծիք հայտնել: Եթե կադրում մի քանի հոգի իրենք են, կարող են մի քանիսն էլ ուրիշներ լինել»:

ՀՀԿ-ի քարոզչական տեսահոլովակի հետ կապված որոշ պարզաբանումներ էր ներկայացրել նաև «Ռեինկարնացիա» խմբի կազմակերպչական հարցերով զբաղվող Նանեն ու նշել, թե առաջարկ է եղել երգում գործածել «հանրապետական» բառը, մինչդեռ խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը մերժել է:

Այս առիթով պարոն Շարմազանովն ասաց, թե ուրախ է, որ իրենց տեսահոլովակն այսքան մեծ բում առաջացրեց՝ փաստորեն իր նպատակին ծառայել է, հետո հավելեց. «Ւսկ մնացածն՝ ով ինչ է ասել, ես ավելացնելու բան չունեմ… Ամեն մարդ պետք է իր արածի տերը լինի»:

Այնուհետև պարոն Շարմազանովն անցում կատարեց ՀՀԿ-ի քարոզարշավին երգած «աստղերին». «Մարդ ազատ է, ով ում համար կուզի, կերգի»:

Մեր այն դիտարկմանը, բայց ինչո՞ւ են խուսափում հարցին պատասխանելուց և իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելուց, պարոն Շարմազանովն արձագանքեց. «Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Լուիզա Ղամբարյանին, որ հստակ ձևակերպեց իր քաղաքացիական դիրքորոշումը: Մենք յուրաքանչյուրս մեր արածի տերը պետք է լինենեք, եթե կասկած ունենք, չպետք է անենք: Մեր երգիչների իրավունքն է երգելը, ամբողջ աշխարհում էլ երգում են, կամ առաջին անգա՞մ են նրանք երգել ՀՀԿ-ի համար: Մենք՝ հայերս, այնքան տաղանդավոր ենք, որ ցանկության դեպքում մնացած կուսակցություններն էլ կարող են իրենց համար նման աջակիցներ գտնել»:

Մեր այն հիշեցմանը, թե «Ռեինկարնացիան» հայտարարել է, որ չի մերժել նաև մյուս ուժերին, ուստի որևէ կաշկանդվածություն և կախում ունի՞ ՀՀԿ-ից, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Լավ է անում, ո՞վ է բան ասում: Մենք որևէ մեկին, հարգելի Ռոլանդին ՀՀԿ-ականացնելու և սեփականացնելու ցանկություն չունենք: Արվեստը քաղաքականությունից վեր է: Նրանք, ովքեր երգել են, իրենց շնորհակալ ենք: Այստեղ աժիոտաժը չեմ հասկանում: Կրկնակի շնորհակալ ենք նրանց, ովքեր և՛ երգում են, և՛ հայտարարում, խոսում են և՛ տեր են իրենց քաղաքացիական դիրքորոշմանը»:

Հարցրինք՝ իսկ ովքեր փախչում են հարցերի՞ց, պարոն Շարմազանովն արձագանքեց. «Կարող է տափա՞կ հարցերից են փախչում: Մարդկանց այնտեղ լինելը նշանակում է, որ իրենք պաշտպանում են այդ ուժին»:

Հետաքրքրվեցինք՝ «աստղերի» նման պահվածքը չի՞ վնասում ՀՀԿ-ի վարկանիշին, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Խնդրում եմ ՀՀԿ-ի վարկանիշի մասին մի մտահոգվեք: Լիքը վարկանիշային գործիչներ կան, մենք խաղաղ, հանգիստ, համերաշխ բոլորի հետ գնում ենք: Որևէ մեկին սեփականաշնորհելու մտադրություն չունենք: Ուրախ երգ է, լսեք, հիացեք: Տեսաք՝ Հրանտ Բագրատյանը նոր բլյուզային կատարում է ներկայացնում, հիացած եմ, նույնիսկ իրենց դաշինքի ներկայացուցիչներին զանգեցի, իմ հիացմունքը հատնեցի:

Քարոզարշավը ինչքան դրական լինի, այնքան լավ: «Ռեինկարնացիան» էլ երեկ Րաֆֆիի, այսօր մեզ համար, վաղը մյուսների համար կերգի, Աստված իրենց երկար կյանք տա, Ռոլանդը տաղանդավոր տղա է, թող լավ երգեր հորինի: Աստված տա, բոլոր երգիչները բեմի վրա երգեն հայոց հիմնը: Սեր, երջանկություն, համերաշխություն քարոզեք, մեծ պահքի շրջանում ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031