Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոռս զոհվել է…Օլիգարխների ո՞ր տղան է գնացել-կռվել». Արեւիկի բնակիչը՝ ՀԱԿ պատգամավորին (Տեսանյութ)

Մարտ 10,2017 17:12

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումները շարունակեց Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում: Բնակիչները եկել էին «մի պարկ» դժգոհություններով՝ պետության կողմից անտեսված գյուղատնտեսական խնդիրներից մինչեւ քաղաքական ցավոտ հարցադրումներ:

Տղամարդիկ դժգոհեցին՝ թեեւ ՀԱԿ փոխնախագահ, դաշինքի թեկնածու Լեւոն Զուրաբյանն ամիսներ առաջ ցրտահարության եւ կարկտահարության հետեւանքով կրած վնասների մասին բարձրաձայնել է Կառավարությունում, սակայն պետությունը պատասխանատվությունը գցել է ուսերից՝ ասելով, թե դա գյուղացի-բանկ հարաբերությունների խնդիր է: Պատգամավորը շեշտեց, որ իրենց նախընտրական ծրագրով առաջարկում են վարկային համաներում կիրառել:

Բնակիչներից Սերյոժա Խաչատրյանը դժգոհեց, որ Սումգայիթից Վրաստանով ՀՀ եկող պարարտանյութերն ու թունաքիմիկատներն անորակ են. ՙԼրիվ աղ է…՚: «Աղն անորակ է լինելու, քանի դեռ ղեկավարների ուղեղն է անորակ»,-արձագանքեց Լեւոն Զուրաբյանը:

Նա նաեւ ասաց, որ իրենց թիվ մեկ թշնամին ընտրակաշառքն է: Բնակիչներն էլ վստահեցրեցին, որ իրենց գյուղում ընտրակաշառքի մասին խոսակցություններ չկան՝ «թույլ չեն տալիս՝ թասիբի հարց է»:

Վոլոդյա Սարգսյանն էլ իր հերթին բարձրաձայնեց, որ իրենց գյուղից մի քանի հերոսներ զոհվել են Արցախյան ազատամարտի ժամանակ, իսկ ապրիլյան քառօրյայի ժամանակ՝ երկուսը: Սարգսյանի ասելով՝ ՙզինված խմբի՚ գործով մեղադրյալներից չորսն էլ պատերազմում կռված տղաներ են. ՙԻրենց վերջը ի՞նչ է լինելու: Նրանք մեր գյուղից են՝ «տեռորիստի» պիտակները կպցրած վրաները»: Այս առնչությամբ էլ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ըստ իրենց ծրագրի՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն:

Հետո Սերյոժա Խաչատրյանը հուզվելով ասաց. «Թոռս զոհվել է…Օլիգարխների ո՞ր տղան է գնացել-կռվել…կամ զոհվել: Ինչո՞ւ է անմեղ ժողովուրդը միշտ զոհվում»: Հիշեցնենք, որ ժամկետային  զինծառայող Խաչատրյան Սեւակը զոհվել  է նախորդ տարի՝ հակառակորդի կրակոցից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031