Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հյուրընկալվել է ՀՀԿ կենտրոնական շտաբում

Մարտ 10,2017 18:25

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության  դեսպան պարոն Ի. Վոլինկինի ղեկավարած պատվիրակությունն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբում: Կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ նախագահի տեղակալներ Ա. Աշոտյանը և Մ. Լալայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Ա. Զաքարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության  ընթացիկ գործունեությունը և առաջնահերթությունները:

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը ողջունեց հյուրերին՝ մատնանշելով, որ ՀՀԿ-ն իր քարոզարշավը կառուցել է՝ մնալով բացառապես օրենքի շրջանակներում:

Ա. Աշոտյանը ներկայացրեց հյուրերին ՀՀԿ քարոզարշավի առանձնահատկությունները, նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները: Շեշտվեց այն հանգամանքը, որ Հանրապետականը գնում է ընտրությունների՝ ունենալով իրատեսական ծրագիր և կուռ թիմ՝ քաղաքական գործունեության բոլոր մակարդակներում: Հանրապետական կուսակցության ներդրումը երկրի անվտանգության գործում, վարչապետ Կարեն Կարապետյանի հանրային բարձր վարկանիշը և մրցունակ ռեյտինգային կազմը դիտվում են որպես ՀՀԿ մրցակցային առավելություններ ընտրարշավի ընթացքում, ինչը թույլ է տալիս կուսակցությանն ընտրությունների արդյունքներով ակնկալել  ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահության քվեն:

Իր հերթին դեսպան Ի. Վոլինկինը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում սա իր առաջին այցն էր Հայաստանի քաղաքական կուսակցություն և առաջիկայում ՌԴ դեսպանությունը նախատեսում է հանդիպել նաև քաղաքական այլ կուսակցությունների և դաշինքների հետ:  Դեսպան Ի. Վոլինկինը մատնանշեց, որ ՌԴ համար նույնպես կարևոր է, որ ռազմավարական դաշնակից երկրում ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական արժեքների, թափանցիկության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Դեսպանը մեկնարկած քարոզարշավը գնահատեց  որպես ակտիվ և հանրությանը հասանելի քաղաքական գործունեություն:

Առանձին անդրադարձ կատարվեց նաև Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներին:

Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031