Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Սարգսյանը պնդում է, որ ԱԺ-ն առանց կոմկուսի գաղափարախոսության կաղում է

Մարտ 13,2017 12:41

Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի բնորոշմամբ, իրենց կուսակցությունը հին է, բայց ոչ հնացած:

«Բոլշևիկները, երբ եկան իշխանության՝ Հայաստանում վխտում էր սովը, համաճարակը, անգրագիտության ճիրանում էր հայտնվել Հայաստանի բնակչությունը: Խորհրդային իշխանության հաստատմամբ, հայ ժողովուրդը նոր խոսք ասաց քաղաքակիրթ ազգերի մեջ»,-այսօր «Փաստարկ» ակումբում հպարտացավ պարոն Սարգսյանը:

Ըստ պարոն Սարգսյանի. «Պետք է վիճակը շտկենք, այն ժամանակ խորհրդային իշխանության ժամանակ հնարավոր էր եղել անվճար բուժում և կրթություն՝ արդյունաբերության շնորհիվ… 114-ամյա Կոմկուսն ունի ուրույն աշխատաոճ: Մենք Հայաստանում ունենք 49 քաղկոմ, շրջկոմներ: Եթե Հայաստանի որևէ քաղաք գնաք, կարող եք հանգիստ հանդիպել քաղկոմի և շրջկոմի առաջին քարտուղարի հետ»:

Ինչու կոմկուսը խորհրդարանում չի հայտնվում, պարոն Սարգսյանը բացատրեց, որ այն ժամանակ իշխանավորները, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի, շրջանցելով օրենքը, կուսակցության ձեռքից վերցրեցին հիմնական գույքը՝ կուսակցությանը թողեցին փողոցում. «Այդ պատճառով հայտնվեցինք ծանր վիճակում, հետո անարդար ընտրություններ են տեղի ունենում, հատկապես անարդար վերաբերմունք կար Կոմկուսի նկատմամբ: Մենք քաղաքական դաշտում չտեսանք որևէ մեկին, որի քաղաքականությունը, գաղափարախոսությունը համընկներ Կոմկուսին և ընտրեցինք առաջադիմական Կոմկուսին և ներառեցինք ցուցակում»:

Ըստ նրա, իրենք կողմնակից են այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ ԵՏՄ-ին միանալու քայլին. «Այդ կերպ վերականգնում ենք այն կապերը, որոնք խորհրդային ժամանակ կար և ինչու չէ նաև նոր տնտեսական կապեր կստեղծվեն»:

Անդրադառնալով տարբեր սոցհարցումների արդյունքներին, որոնց համաձայն կոմկուսը քիչ ձայներ ունի, ասաց. «Այդ հարցումներն արվում են ոչ օբյեկտիվ, արվում են առանձին մարդկանց պատվերով, ովքեր տիրապետում են մեծ ֆինանսական հնարավորությունների, արդյունքները չեն համապատասխանում իրականությանը»:

Aravot.am-ի հարցին, թե կոմկուսը այդքան մեծ թվով բանվորների ու գործազուրկների տանում է խորհրդարան, որ ինչ անի, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Մեր իշխանության տարիներին երկիրը առաջ տարան բանվորն ու գյուղացին, բանվորները ՀՆԱ-ի 80 տոկոսն էին տալիս, գյուղացիները տասնյոթ- տասնութ տոկոսը, բոլորը հավասարապես օգտվում էին բոլոր հնարավորություններից, մենք ունեինք այնպիսի բանվոր դասակարգ, զարգացած հայրենասեր, որ ցանկացած ինտելիգենցիայի ներկայացուցիչ կնախանձեր, այդ է պատճառը, որ մենք մեր շարքերը հպարտորեն ընդգրկել ենք բանվորներին ու բանվորուհիներին, նրանց համագործակցությունը բերում է բարձր որակ»:

Դիտարկմանը, թե կոմկուսին շատ են նմանեցնում ՀՀԿ-ին, պարոն Սարգսյանը արձագանքեց. «ՀՀԿ-ն շատ երկար տարիներ պետք է անցնի, որ նմանվի կոմկուսին, նրանք ուզում են մեր աշխատաոճին նմանվել»:

Ասուլիսն էլ պարոն Սարգսյանն ավարտեց այս հայտարարությամբ. «ԱԺ-ն առանց կոմկուսի գաղափարախոսության կաղում է, խորհրդարանում կոմկուսի ներկայությունը պարտադիր է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031