Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու Մարուքյանը գլխավոր դատախազին են մեղադրում Հաց բերողի մահվան մեջ. «Նրան զգուշացվել է» (Տեսանյութ)

Մարտ 17,2017 12:15

«Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել երկարատեւ անմարդկային վերաբերմունքի արդյունքում, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, ՀՀ Սահմանադրության, որովհետեւ այդ պայմաններում նրան հետեւողական անազատության մեջ պահելը, նախաքննության մարմնի այդ որոշումները, ըստ էության հավասարազոր են նպատակային եւ դիտավորյալ խոշտանգումներին»,- այսօր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մասին հրավիրած ասուլիսում ասաց «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքերով՝ որեւէ մեկը պատկան մարմիններից չի կարող ասել, որ իրենք չգիտեին, որ Արթուր Սարգսյանը կարող է մահանալ, որեւէ մեկը չի կարող արդարացնել. «Մանրամասն ասվել է, որ Արթուր Սարգսյանը դուրս չի գալիս հացադուլից, եթե այսպես շարունակվի, դուք նրան տանում եք մահվան: Ասում էին՝ չէ, մենք հսկողություն կապահովենք: Բժիշկների հսկողությունը քանի՞ գրոշի արժեք ունի, եթե նա չի թույլ տալիս, որ իրեն մոտենան»:

Էդմոն Մարուքյանը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել են գլխավոր դատախազին. «Հանդիպել ենք, մոտ մինչեւ մեկ ժամ խոսել ենք, որի ժամանակ ասել ենք՝ պատրաստ ենք անձնական երաշխավորությամբ հանդես գալ երկու ԱԺ պատգամավորներով եւ խնդրել ենք հարցը քննարկել: Նա պնդել է, որ խափանման միջոցը կալանքն են կիրառել զուտ այն պատճառով, որ նա կարող է խոչընդոտել նախաքննությանը: Մենք պնդում էինք, որ նա մի ամիս ազատության մեջ է եղել, ում հետ որ կարող էր շփվել, արդեն շփվել է, եւ անիմաստ է այդ արգելքը: Նրա առողջությունը անհամատեղելի էր խափանման միջոց կալանքի կամ պատժի տեսքով անազատության մեջ պահելու հետ: Այդ պնդումներն արվել են: Գլխավոր դատախազին ներկայացվել է ոչ միայն իրավական եւ բարոյական կողմը, այլ նաեւ քաղաքական կողմը, որ Արթուր Սարգսյանի առողջության ամբողջական պատասխանատուն գործող իշխանությունն է եւ տվյալ պարագայում գլխավոր դատախազը: Ասել ենք, որ դու ունես լիազորություն խափանման միջոցը փոխելու»:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհն է, ՀՀ-ում այն իրավիճակի զոհն է, որտեղ մարդը ընդհանրապես արժեք չի ներկայացնում, մարդու իրավունքները հարգանքի առարկա չեն. «Մեզ համար շատ ողբերգական իրավիճակ է եւ շատ ցավալի կորուստ՝ բոլորիս համար: Մենք նրա հետ շփվել ենք եւ պետք է ասեմ, որ «Հաց բերողը» շատ բարձր քաղաքացիական գիտակցություն ուներ, այնպիսի տպավորություն եմ ստացել նրանից, որ չգիտեմ անգամ ինչպես նկարագրեմ»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ փետրվարի 13-ին, երբ գլխավոր դատախազի հետ հանդիպել են, ունեցել են ՔԿՀ-ի բժիշկների եզրակացությունը, ըստ որի, իրավիճակը կարող է ունենալ ողբերգական ավարտ. «Մենք գլխավոր դատախազին զգուշացրել ենք, որ եթե նա հիմա անհապաղ որոշում չկայացնի եւ մեր անձնական երաշխավորությունները չընդունի, կարող է լինել մահվան ելքով իրավիճակ եւ նա է պատասխանատու լինելու դրա համար»:

Դրանից հետո՝ փետրվարի 27-ից մինչեւ մարտի 6-ը գլխավոր դատախազը խուսափել է մեր զանգերին պատասխանելուց, մեզ հետ շփվելուց. «Իմ խորին համոզմամբ, այդ ընթացքում նա փորձել է ճշտումներ անել Սերժ Սարգսյանի հետ: Իմ անձնական համոզմունքը այն է, որ Արթուր Սարգսյանի եւ կալանավորումը, եւ նրա հետ կապված բոլոր գործողությունները ճշտվել են ամենաբարձր մակարդակում՝ Սերժ Սարգսյանի հետ, որովհետեւ այս հարցը հասարակական մեծ հնչեղություն ուներ եւ կարող էր ունենալ որոշակի հանրային քաղաքական պոտենցիալ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է մանրամասն հետաքննվի այն հարցը, թե ինչքանով են այս հարցում իրավապահ մարմինները կաշկանդված եղել եւ ինչքանով է նրանց կայացրած որոշումների վրա ազդեցություն գործել Բաղրամյան 26-ից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031