Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է բողոքի ցույցն ի պաշտպանություն օրերս մահացած Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»:
Շահեն Հարությունյանն ասաց, որ երեկ պահանջ էին ներկայացրել կառավարությանը՝ Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում: Սակայն, ինչպես Շահեն Հարությունյանն ասաց, կառավարությունից որեւէ պատասխան չեն տվել, իսկ դա նշանակում է, որ մերժում են. «Անգամ մերժման պատասխանը չեն տվել: Եթե չկա պատասխան, դա նշանակում է՝ հրաժարվում են: Երեկ նշել էի, ունենք երեք կարեւոր հարց: Հանրության մեջ կարծիք կա, որ մենք թատերաբեմ ենք դարձրել եւ բացառապես Արթուրին հուղարկավորելու պահանջն ենք ներկայացնելու: Հիշեցնեմ երեքը՝ առաջինը՝ ամենահրատապը՝ Արթուրին հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում: Պատասխանատվության ենթարկել անձանց, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ են ունեցել Արթուրի սպանության հետ: 3-րդ՝ կյանքի կոչել բոլորիս նպատակը՝ Սերժ Սարգսյանին հեռացնել իր աթոռից»:
Շահեն Հարությունյանը դիմելով ցույցի մասնակիցներին, ասաց, որ երեկ առաջին պահանջը ներկայացրել են, այսօր ավելանում է երկրորդ պահանջը:
«Մինչ պահանջին անցնելն ասեմ՝ այս օրերին ամբողջ ֆեյսբուքում սպառնալիքներ են՝ իբր թե Շահենից հեռու մնացեք, անձնական նամակներ երեխեքին: Էսօր ինֆորմացիա է տարածվել, որ Ազատության հրապարակում կրակոցներ են եղել, բնականաբար, ծիծաղելի ա: Սպառնալիքներ են, նման բան չի եղել»:
Կարդացեք նաև

Նամակից հետո Շահենը անցավ հաջորդ պահանջին՝ «Պահանջում եմ գործ հարուցել Էդ. Հակոբյան կոչեցյալի եւ Ա. Մկրտչյանի նկատմամբ»:
Ցուցարարները «այո» բացականչություններով դրական պատասխան տվեցին այս պահանջին: Երկրորդ պահանջի երկրորդ հատվածը, ըստ Շահենի, « Պահանջում ենք աշխատանքից հեռացնել, կամ չգիտեմ, ոնց են ձեւակերպում, ՀՀ արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին»: Այս պահանջներն էլ հավաքվածները դրական ընդունեցին:
Ցուցարարներն այս պահին երթ սկսեցին դեպի կենտրոնական փողոցներ, նրանք վանկարկում են՝ «Արթուր, Արթուր», «Հաց բերողին սպանել են»:
Շահենը նաեւ հիշեցրեց, որ այսօր Արթուր Սարգսյանի դիահերձումն է եղել, հակառակ փաստաբանների այն պնդմանը, որ սպասեն մինչեւ անկախ փորձագետներն էլ միանան եւ ներկա լինեն դիահերձմանը:
Ցույցից մանրամասներն՝ առաջիկայում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































