Մինչ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան պատմությունը խեղաթյուրելու ու մեր մշակույթի որոշ տարրեր անօրինական կերպով յուրացնելու փորձեր են անում՝ ճարտարապետության ազգային թանգարանը դրա դեմ պայքարի միջոցներ է կիրառում:
Մարտի 21-ին թանգարանում բացվեց «Այդ հեռու, մոտիկ միջնադարը…» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ցուցադրված են միջնադարյան հայ ճարտարապետության ձեռքբերումները, մասնավորապես՝ Արևելյան ու Արևմտյան Հայաստաններում այդ շրջանում կառուցված վանական համալիրները՝ լուսանկարների տեսքով: Հատկանշական է, որ ներկայացված շատ կառույցներ արդեն չունեն նույն տեսքը՝ ինչ տարիներ առաջ արված լուսանկարներում: Այսպես՝ Անիի Հովվի եկեղեցին նկարներում դեռ կանգուն է, այնինչ այդ շինությունից միայն մի պատ է մնացել:


Ցուցադրվածը առկա նմուշների մի մասն է միայն: Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն և ներկայիս գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանը դա հետևյալ կերպ պարզաբանեց. «Ամբողջը ցուցադրելու համար մենք չունենք տարածք: Վաղուց ժամանակն է, որ բարձրացվի այն խնդիրը , որ Հայաստանում ճարտարապետության միակ թանգարանին տարածք է հարկավոր: Մենք այժմ գտնվում ենք Կառավարական 3-րդ շենքի նախասրահում, որը մի կերպ հարմարեցված է իբրև թանգարանային հատված, բայց չի բավարարում թանգարանագիտական միջազգային ոչ մի պահանջի: Մենք հույս ունենք, որ կունենանք առանձին տարածք՝ սրահներով, որտեղ կկարողանանք ներկայացնել պահոցում գտնվող նաև մյուս նյութերը. այնպես, որ ցուցադրությունն ունի նաև այս խորհուրդը:»
Կարդացեք նաև
Բացի լուսանկարներից այցելուները հնարավորություն ունեն տեսնելու ուսանող-ճարտարապետների կողմից պատրաստված տարբեր վանական համալիրների մանրակերտները, ինչպես նաև նկարիչ Ռուբեն Ղևոնդյանի աշխատանքը՝ Բագրատունյաց շրջանի Անիի մանրապատկերը:
Լառա Հակոբյան


















































