Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյանը՝ Արմեն Մարտիրոսյանին եւ Նիկոլ Փաշինյանին. «Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը»

Ապրիլ 06,2017 12:20

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բաց նամակ Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին,

Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,

Հարգելի պարո՛ն Փաշինյան,

Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։

Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ իսկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։

Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալ եմ»:

Նշենք, որ երեկ ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, «Իմ կարծիքով, այս պահին ունենք երեք անձի կողմից ձևավորված խորհրդարան. այդ անձինք են՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մինասյանը»:

Ինչին, եւ Հովսեփ Խուրշուդյանի ՖԲ-յան մեկնաբանություններին ի պատասխան՝ այսօր իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը գրել է. «Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող եւ դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության եւ քնքշանքի ակնհայտ պակաս ունի եւ նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի:

Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որեւէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում:

Բայց թերեւս «Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում: Աղոթեք, Մարտիրոս, աղոթեք, հարյուր հազարավոր քվեները զրո դարձրածի կռուտիտի աղոթքը:

Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը կարիք ունեն բացատրելու. ինչու՞ է օրինակ Անդրիաս Ղուկասյանը մինչեւ հիմա բանտում, իսկ իրենք ազատության մեջ:

Մի՞թե այն պատճառով, որ իրենց թիկունքին Միքայել Մինասյանը ամենեւին կանգնած չէ, կամ իրենք Սարիթաղում ժողովրդի ջարդը կազմակերպելու գործում ընդհանրապես չեն աջակցել աներոջը եւ փեսային:

Հ.Գ. Սիրելի օգտատերեր, եթե չգիտեք, թե ովքեր են Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը՝ առանց վոյեւէ երկմտանքի կարող եք դիմել Միշիկ&Սաշիկ առանց որեւէ պատասխանատվության ընկերության տեղեկատվության բաժին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930