Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Զատիկի խորհրդաբանությունը

Ապրիլ 15,2017 11:30

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար Մեծ պահքի խորհուրդը ունի հատուկ նշանակություն: Այդ շրջանում առավել կարեւոր են զղջողական աղոթքները, որը տանում է դեպի պահքի խորհրդին՝ մեղքից հրաժարվել, զատվել եւ շարունակել կյանքը քրիստոնավայել: Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան՝ շաբաթ օրը, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Ճրագալույցի պատարագի ավատին տրվում է Սուրբ Հաղորդություն, որի միջոցով պահեցողության մեջ գտնվող հավատացյալները դուրս են գալիս պահքից:
Շաբաթ օրը նաեւ խորհրդանշում է Դժոխքի ավերումը. Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, որին ի պատասխան պետք է ասել. «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»:

Սուրբ Հարության՝ Զատկի տոնին հավատացյալները, բացի պատարագին մասնակցելը, հատուկ պատրաստությամբ տոնը նշում են տանը՝ ձու են ներկում, բրնձով ու չամիչով փլավ եփում, ձուկ խաշում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Այդ է պատճառը, որ այդ օրվա սեղանի խմիչքը պետք է լինի հենց կարմիր գինին: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», եւ ինչպես մեկնողներն են ասում. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Կարմիր ներկած ձվերը, որ դրվում են ծլեցրած ցորենի մեջ, այն եւս իր խորհուրդ ունի՝ համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն, ցորենը ցանում ես՝ ցորենը «մեռնում» է, հետո՝ ծլում ու միջից դուրս է գալիս կանաչը՝ խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Ձուկը, որը քրիստոնյաների խորհրդանիշ ունի, հատուկ կերակուր է համարվում: Ձկան հետ է կապված նաեւ Քրիստոսի հրաշքներից մեկը՝ ձկան եւ հացի բազմապատկումն անապատում, որով կերակրեցին քարոզի եկած մարդկանց:
Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ եւ նվիրումով քաղցրացնում են եկեղեցին ու մեր կյանքը:

Հին կտակարանում բազմիցս հիշատակվում է Զատիկը, դրա հետ առնչված՝ նաեւ Զատկի գառը, որը, եկեղեցու մեկնաբանական ընթերցվածի համաձայն, Հիսուս Քրիստոսի նախօրինակն է կամ նրա խորհրդաբանությունը: Ինչպես որ Իսրայելը, գերի լինելով Եգիպտոսում (խորհրդաբանորեն` մեղքի ծառայության մեջ), նոխազի արյան միջոցով ճանաչվեց Տիրոջ կողմից, եւ զատված լինելով, խուսափեց Ոչնչացնողի (Ելք 12.23) հարվածներից ու դուրս եկավ Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր (խորհրդաբանորեն` Աստծո թագավորություն), այդպես էլ Հիսուս Քրիստոսը` Գառն Աստուծո (Հովհ. 1.29), հեղեց իր սուրբ արյունը՝ հանուն մարդկության փրկության եւ հարություն առավ` զատվեց մեռելներից, մեզ եւս շնորհելով հավիտենական կյանքի ավետիսը` Սուրբ Հոգու միջոցով:
Զատկի օրը կամ դրանից առաջ գերեզման այցելելը, ըստ հոգեւոր հայրերի, սխալ է: Ննջեցյալների շիրիմին այցելության օր է համարվում տոնի հաջորդ օրը՝ մեռելոցին: Այդ օրը եկեղեցում կատարվում է հոգեհանգստի կարգ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

15.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930