Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեցին հատված ծառերի լուսանկարներ, որոնք կողքից բողբոջ էին տվել: Պարզվեց՝ դրանք այն ծառերի լուսանկարներն են, որոնց շուրջ Դավթաշեն վարչական շրջանում մեծ աղմուկ բարձրացավ: Դավթաշեն 1-ին թաղամասի Աղաբաբյան փողոցում հատվել էին 5 բարդի եւ 24 թեղի: Ծառերը կտրվել էին ոչ թե բնից, այլ կեսից: Ոստիկանությունը հայտնաբերել էր ծառերը հատողին, եւ մոտ 20 օր է՝ այդ գործով մեղադրվող Ալեքսանդր Սամսոնյանը կալանքի տակ է:
Եվ քանի որ սկսած Երեւանի քաղաքապետից, վերջացրած հանրապետության նախագահով անդրադարձան այս հարցին, նախընտրական այս շրջանում դատարանն անգամ 3 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու Ալեքսանդր Սամսոնյանի փաստաբանի միջնորդությունը չբավարարեց, որը ավելին էր, քան բնությանը պատճառված վնասը: Բնապահպանության նախարարության փորձագետները հաշվարկել էին ու պարզել, որ Ա. Սամսոնյանը պատճառել է 2 մլն 860 հազար դրամի նյութական վնաս:
Երեկ Ալեքսանդր Սամսոնյանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանից տեղեկացանք, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել, սակայն դեռեւս դատարանը քննության ժամկետ չի նշանակել:
Պարոն Մելքոնյանի համար դատարանի նման որոշումն անակնկալ է եղել, քանի որ, պաշտպանի խոսքով, նախ` իր պաշտպանյալը ծառերը ոչ թե կտրել է, այլ էտել, եւ բացի այդ, նման որոշում կայացնելու համար 135 հոդվածով նախատեսված հիմքերը բացակայում էին. «Դրանք այն հիմքերն են, որոնք հիմք են տալիս դատարանին անձին կալանավորելու: Հիմքերն իսպառ բացակայել են, եւ բացակայել է հիմնավոր կասկածը, որ իմ պաշտպանյալը կատարել է հանցագործություն»:
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին, թե գուցե դատարանն այդ քայլին գնաց, քանի որ ՀՀ նախագահին հարցը հասավ, եւ դատարանը որոշեց կալանավորել, քանի որ այդպիսի սուր արձագանքներ եղան, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Նախագահը բարձր պաշտոնատար անձ է, եթե ձեզ գային ասեին, որ ինչ-որ մի երիտասարդ ծառերը կտրել է, ոչնչացրել է, դուք ի՞նչ կանեիք, կասեիք` պատժեք օրենքի խստությամբ: Խնդիրը նախագահին ներկայացնելու մեջ է, եթե ճիշտ ներկայացնեին, զերծ կմնային դրանից: Ես հույս ունեի, որ դատարանը կգտնվեր բարձրության վրա եւ ճիշտ որոշում կկայացներ, բայց շատ վատ որոշում կայացրեց, որը պատիվ չի բերում ոչ միայն դատարանին, այլեւ ցանկացած հիմնարկի»:
Պաշտպանը հույս հայտնեց, որ վարույթ իրականացնող մարմինը «ավելի խոհեմ կգտնվի, քանի որ տեսել եւ ուսումնասիրել են այդ ծառերը»:
Նրա վկայմամբ՝ այս պահի դրությամբ այդ ծառերից 13-ն արդեն բողբոջ են տվել:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ մասնագիտական փորձաքննություն չի կատարվել՝ դրանք հատվա՞ծ են, թե՞ էտված, պարոն Մելքոնյանն ասաց, որ փորձաքննությունը նշանակված է, բայց դեռեւս եզրակացությունը չկա: Պաշտպանի խոսքով՝ քննչական մարմինը առանց այդ եզրակացության է կալանավորելու միջնորդություն ներկայացրել, որն էլ դատարանը բավարարել է. «Դա նույնն է, որ ինչ-որ մեկին մեղադրեն սպանության համար, բայց պարզվի, որ նա դիակ չէ, ոտքի է կանգնել, խոսում է մարդկանց հետ, բայց շարունակում են քաղաքացուն կալանքի տակ պահել սպանության համար»:



Ծառերը ենթարկվել են սանիտարական հատման` այդպիսով չկորցնելով կրկին կանաչելու ու շիվեր տալու հատկությունը: Իսկ հոսանքալարը վնասելու վտանգն էլ վերացել է:


Դավիթաշենում հատված ծառերի առիթով օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաեւ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա հրապարակել էր հատված ծառերից մեկի լուսանկարը, որտեղ ծառը բողբոջ էր տվել, եւ գրել. «Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։
1. Դա նախ` խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։
2. Դա խոսում է նաեւ այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ, չգիտեմ ինչու, վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։
3. Եվ վերջապես, այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված՝ իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։
Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք՝ բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ՝ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել. ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծու սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքեւից մինչեւ վերեւ ահասարսուռ դատապարտել է կատարվածը. ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ»։
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
28. 04.2017
Հ. Գ. Այս հոդվածն այսօր հրապարակվել է տպագիր «Առավոտում», ու երեկոյան հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:


















































