Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ:
Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 9000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելելու իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին: Նախաձեռնության հանդեպ երևանցիների հետաքրքրությունն ու ծրագրին ակտիվ մասնակցությունը մեկ անգամ ևս փաստում են, որ այն իսկապես սպասված էր ու անհրաժեշտ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:
Կարդացեք նաև
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին այս նախաձեռնությունը պարբերաբար կյանքի կոչելու համար: Մեր քաղաքականությունն է, որ ծառայության ընթացքում զինծառայողներն առավելագույնս հնարավորություն ունենան ավելի հաճախ իրենց ընտանիքի անդամների հետ հանդիպելու թե՛ իրենց արձակուրդների, թե՛ դեպի իրենց ծառայության վայր, իրենց ծնողների մեկնելը կազմակերպելու միջոցով: Պաշտպանության նախարարությունն այդպիսի բազմաթիվ հնարավորություններ է փորձում գտնել, և Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ մեծ հետևողականությամբ այս ծրագրին հետամուտ են լինում, որը տալիս է շատ դրական արդյունքներ», – նշել է Վիգեն Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար՝ ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում զինվոր որդիներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































