«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանի գնահատմամբ, խորհրդարանից հեռացավ զվարճալի կողմը, մնաց ավելի վտանգավոր շերտը:
Մեր հարցին՝ եթե համեմատելու լինեք նոր ձեւավորված խորհրդարանը նախորդ խորհրդարանների հետ, ի՞նչ մինուսներ կառանձնացնեք, տիկին Սեդրակյանը պատասխանեց. «Շատ ավելի վտանգավոր շերտ եմ նկատում, այսինքն, եթե ժամանակին խորհրդարանում կային ակներեւ զվարճալի դեմքեր, որոնք խորհրդարանական գործունեության հետ կապ չեն ունեցել, այժմ խորհրդարանում մնացել են հին՝ սովետական KGB-ի ներկայացուցիչները, որոնք առերեւույթ այդքան էլ զվարճալի չեն, բայց իրականում կատարելու են իրենց սեւ գործը՝ լինի դա քվեարկություն, թե քարոզչություն: Այդ հին բանակը՝ Բաբուխանյանի, Գեղամյանի տեսքով, խորհրդարանի համար շատ ավելի վտանգավոր է, քան իրենց ոչ ադեկվատ հայտարարություններով հայտնի գործարարները: Այս խորհրդարանի մինուսն այն է, որ զվարճալի կողմը հեռացավ, բայց պրոպագանդայի հիմնական կորիզը մնաց»:

Մեր հարցին՝ խորհրդարանում տեսնո՞ւմ եք այն ընդդիմադիր ուժին, որը կընդդիմանա իշխանությանը ու թույլ չի տա ցանկացած նախագիծ հեշտ ու հանգիստ անցկացնել, տիկին Սեդրակյանը պատասխանեց. «Ելնելով այն նախաձեռնություններից, որոնք իսկապես էական կարող են լինել հանրապետության համար՝ դրանք ոչ ռուսական կողմից եկող նախաձեռնություններ են, արեւմտյան նախաձեռնություններ են: Այդ նախաձեռնություններին, իմ կարծիքով, ընդդիմադիր դաշտը չի մասնակցելու, քանի որ նախօրոք ռացիոնալ կերպով հայտարարել է իր՝ ոչ արեւմտական կողմնորոշման մասին: Դրա համար չեմ կարծում, որ արմատական քաղաքական փոփոխություններ են մեզ սպասվում, ու ընդդիմությունն էլ միգուցե հակառակվի իշխանության մի շարք նախաձեռնություններին, բայց արմատական փոփոխություններ իր հեր չի բերի, որովհետեւ նախ դրա քանակական հնարավորությունները չունի, եւ երկրորդ, որ դրա որակական ցանկությունը չունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































