1992թ. մայիսի 18-ին կայացավ երկար տարիներ Արցախ-Մայր հայրենիք կապը խոչընդոտող Լաչինի՝ ներկա Բերձորի ազատագրումը, որով և իրականացավ Միացումը: Իսկ 1993թ. դեկտեմբերին կայացած որոշմամբ ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով:

Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցը Ն. Մխիթարյանը հանդիսավոր մասը հայտարարեց բացված: Հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե:


«Հայրենիքի պաշտպան» հիմնադրամի կողմից «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրվեցին Բերձորի ազատագրմանը մասնակցած մի խումբ ազատամարտիկներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից Գուրգեն Զուռնաչյանը: Մեդալները հանձնեց Քաշաթաղի շրջանի զինղեկ, մայոր Ստեփան Օհանջանյանը:
Տոնի առթիվ քաղաքում կազմակերպվել էր նաև տոնական առևտուր:


Լռության րոպեից հետո հուշաղբյուրի բացման պատիվը տրվեց համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանին և հուշարձանի նախաձեռնող ու ֆինանսավորող Մուշեղ Բաղդագյուլյանին:
Անցած ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ Աղավնոյից նույնպես մոտ 2 տասնյակ կամավորներ մեկնեցին ռազմի դաշտ: Եվ նույն տղաների օժանդակությամբ իրականացավ նրանց ուխտը, որ արել էին առաջնագծում:
Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ, կարևորեց Աղավնոյի դերը և՛ Արցախյան գոյամարտի ժամանակ, և՛ այսօր: Շնորհակալություն հայտնեց Աղավնոյի բնակիչներին, անցած ապրիլյան օրերին առաջնագիծ մեկնողներին: Կարևորեց նաև այն, որ գյուղի զարգացման նպատակով 50-ից ավելի առանձնատներ են կառուցվել ԱՐԻ ծրագրով, որը շարունակական է:

Հուշաղբյուրի նախաձեռնող Մուշեղ Բաղդագյուլյանը, շնորհավորելով տոնի առթիվ, ասաց՝ իր և ընկերների համար պարտականություն էր այս խաչքարի կանգնեցումը և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս գործում, իսկ նրանք ողջ գյուղի բնակիչներն են:
Դպրոցի փոխտնօրեն Ջուլիետա Մանվելյանն անդրադարձավ անցած 25 տարիներին և ուրախությամբ նշեց, որ իրենց բնակավայրը շենանում է, ապրում առաջընթաց:
Ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին Աղավնոյի դպրոցի սաները: Ռազմահայրենասիրական երգերով ոգևորեցին դպրոցի ուսուցիչներ Կարեն Հակոբյանը, Ռուզաննա Նիգոյանը և Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի սան Լիլիթ Ավագյանը:
Օրվա ընթացքում Բերձորի երկրագիտական թանգարանում, նվիրված թանգարանների օրվան, կազմակերպվեց նկարիչ-երեխաների մրցույթ, որի ընթացքում մոտ 15 աշակերտ մատիտանկարով ներկայացրին Բերձորի ազատագրման իրենց պատկերացումը:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ


















































