Այսօրվա ԱԺ նիստում լսելով դատախազների եւ քննիչների թոշակի հարցը՝ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մտորումների մեջ է ընկել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվեց 65 տարին չլրացած ու 20 տարվա ստաժ ունեցող դատախազների ու քննիչների թոշակի գնալու հարցը: Ըստ օրենքի, 2017-ի հուլիսի 1-ին պետք է դիմում գրեն եւ ազատվեն, որ ստանան բարձր՝ մոտ 400 հազար դրամ թոշակ, իսկ եթե չգրեն եւ մնան, կստանան 200 հազար դրամ թոշակ: Այդ իսկ պատճառով դատախազները, քննիչները շտապում են դիմում գրել եւ ազատվել: Կառավարությունն առաջարկում է այդ ժամկետը փոխել, որ հանկարծ այդ դատախազները, քննիչները չհեռանան:

Մենք ճշտեցինք, այսինքն, համակարգը արդարացի չի՞ բաշխում թոշակները՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չի եւ արդարացված չի այս պահին»:
Ըստ Ալիկ Սարգսյանի, երբ պետությունը այնքան հնարավորություն կունենար, տնտեսական այնպիսի աճ կունենար, որ կկարողանար բոլորի թոշակները բարձրացնել՝ այդ ժամանակ ընդունելի կլիներ դատախազների, դատավորների բարձր թոշակները. «Այն ժամանակ ես համաձայն կլինեմ, թող դատավորների թոշակները էլ ավելի շատ բարձրացնեն, դա ինչ-որ տեղ կանխարգելիչ միջոց է, որ մարդիկ իրենց վստահ զգան եւ շարունակեն աշխատել: Բայց պահեր կան, որ 20 տարվա ժամանակահատվածում պետք էր գնալ: Կարծում եմ, սա ճիշտ չի»:
Մեր հարցին՝ դուք ազա՞տ եք քվեարկության առումով՝ նա վստահեցրեց. «Որեւիցե արգելապատնեշ չունեմ: Կքվեարկեմ իմ խղճի կամոք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































