Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվեց նախկին զոքանչին, կնոջն ու աներոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի գործը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել՝ Կարինե Մանսուրյանը փորձել էր աղջկան՝ Թագուհի Մանսուրյանին պաշտպանել վերջինիս նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի բռնի արարքներից. նա մահացել էր՝ Մարտիրոսյանի հասցրած կացնի հարվածներից:
Դատական այս նիստում հարցաքննվեցին Մանսուրյանների հարեւանները, որոնք դեպքի օրը օգնության էին հասել: Դիմացի հարեւան Լիլիթ Հարությունյանը պատմեց. «Գիշերը ձայներ եմ լսել, դուրս եկա, տեսա՝ արդեն ամեն ինչ վերջացած էր, տեսել եմ՝ երեքն էլ ընկած էին»: Նա ասաց, որ երեխան կացնահարված մոր կողքը կանգնած՝ անընդհատ ղժժում էր, տարել է իրենց տուն, մինչեւ շտապօգնությունը գա:

Հարեւանը պատմեց, որ կացինը տեսել է աստիճաններից ներքեւ ընկած:
Տուժողի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը հարցրեց՝ անախորժություններ եղե՞լ են՝ հարեւանը պատասխանեց, որ երեխու համար միշտ եղել են. «Նա գալիս էր, գոռում էր, որ ուզում եմ երեխուս տեսնել»:

Ցուցմունքում ասել է, որ Վլադիկը հայտարարել է, որ ցանկանում էր նրանց սպանել:
Վկան ասաց. «Ես տենց բան չեմ ասել, ե՞ս: Ես չեմ գրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































