Սահմանադրության պարտադրված փոփոխությունից հետո Երեւանի ավագանու եւ ԱԺ ընտրությունները առաջին մեծ ընտրություններն էին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ սա քննություն էր:

Ըստ զեկույցի, ՀՀԿ-ն ֆինանսական միջոցներով ԱԺ ընտրություններին երեք անգամ գերազանցել է մյուս քաղաքական ուժերին: Գույքի առումով էլ, ըստ զեկույցի, մյուս կուսակցությունները որեւէ գույք չունեն, մեկ բնակարան ունի ՀԺԿ-ն, բավականաչափ գույք ունեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Երեւանի ավագանու ընտրություններում ամբողջ նախընտրական քարոզչության համար ծախսված գումարի 89 տոկոսը ծախսել է ՀՀԿ-ն:

Քվեարկության ընթացքում դիտորդները պարբերաբար ահազանգել են, որ կան կուտակումներ տեղամասերում, կուտակումներ չեն եղել տեղամասերի 60 տոկոսում:
Տեղամասերի 17 տոկոսում մարդկանց կազմակերպված տեղափոխել են: Տեղամասերի 9 տոկոսում օգնելու իրավունք չունեցող անձանց օգնել են, իսկ քվեախցիկում օգնողների տվյալները չգրանցելու տվյալներ եղել են 22 տոկոսում:
Զեկույցի հեղինակները նկատեցին. «Պարբերաբար եղել են դեպքեր, երբ ընտրողի հետ քվեախցիկ է մտել կողմնակի անձ՝ ուղղակի վերահսկելու նպատակով: Քվեաթերթիկները քվեախցիկից դուրս են լրացվել կամ ծրարի մեջ դրվել դիտարկված տեղամասերի կեսից ավելիում: Ունեցել ենք տեղամասեր, որտեղ ծրարով դուրս բերված քվեաթերթիկը հանել, ստուգել են, նորից դրել: Ունենք նաեւ տեսանյութեր: Բարձրաձայնվել են՝ ՀՀԿ-ի կամ 3-րդ համարի օգտին եմ քվեարկել արտահայտություններ, կամ ընտրողին հուշել են՝ գիտես չէ՞ ում ես քվեարկելու կամ ասել են համարը»:

Զեկույցում նաեւ բարեգործությունների՝ քողարկված ընտրակաշառքի մասին բաժնում տեղ է գտել ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանի՝ Վանաձորի շտաբում ընտրակաշառքի բաժանման դեպքը, նաեւ նշված է, որ թեկնածուները բաժանել են բնամթերք, դրամական պարգեւներ, նվերներ, պարեն, ուսման վարձ են փոխհատուցել, ծառայություններ մատուցել, խաղահրապարակներ կառուցել եւ ասֆալտապատում իրականացրել: Նման 42 դեպք է արձանագրվել:
Զեկույցում նշվում են օրինակներ, երբ ընտրողների մոտ հայտնաբերվել են կուսակցությունների համարների նշումով թերթիկներ, քվեաթերթիկներ: Օրինակ, 8/35 տեղամասում մի տարեց ընտրողի գրպանում ՀՀԿ-ի քվեաթերթիկի նմուշ է հայտնաբերվել՝ տարածքային թեկնածու Արայիկ Հովհաննիսյանի օգտին քվեարկած: Հանձնաժողովի նախագահն էլ ընտրողին ասել է՝ «Հետ դիր գրպանդ, մենք քեզ նորերը կտանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































