«Ընտրությունները չեն եղել ազատ, չի ապահովել եւ ԱԺ ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողների ազատ կամքի դրսեւորումն ու ապահովումը չի համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին»,- այսօր «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա մի քանի առաջարկ արեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որը մասնակցում էր զեկույցի ներկայացմանը:

Հետո Սաքունցն առաջարկեց, որ քանի որ ընտրակաշառքի հետ կապված հրաժարվում են օպերատիվ հետախուզական գործողություններ անել՝ ասելով, որ Քրեական օրենսգրքով այդ հանցագործությունը չի համարվում ծանր. «Մենք պետք է ընտրական գործընթացի հետ կապված որոշ քրեորեն հետապնդելի խախտումներ դիտարկենք՝ որպես պետության դեմ ուղղված ծանր հանցագործություն»:
Դատախազության ներկայացուցիչը՝ հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը, որը մասնակցում էր զեկույցի շնորհանդեսին, ասաց, որ եթե դիտորդների առաջարկն ընդունեն եւ դա ծանր հանցագործություն դիտեն, ապա կրկնաքվեարկության համար մարդուն պիտի տասը տարուց ավելի դատապարտեն, պետք է փոխվի Քրեական օրենսգրքով նախատեսված ողջ պատժաչափը:
Սաքունցն ասաց, որ կարեւորում են նաեւ արտերկրում մեր քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին այս առաջարկի հետ կապված ասաց, որ այդ առաջարկը եղել է նաեւ կուսակցությունների կողմից, քննարկվել է եւ դրա վերաբերյալ արդեն իրենց կարծիքը հայտնել են:

Մուկուչյանն ասաց, որ գուցե այս հարցի լուծումը կլինի վկայականները լրացված տարբերակով տրամադրելը:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ եթե զեկույցում «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի վարքագծի մասին գրում են, ապա նույն հարթության վրա պետք է մեկ այլ ՀԿ էլ դիտարկեին. «Նույնքան մտահոգիչ է, երբ դիտորդական անկախ առաքելություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը, որը հաճախ ասոցացվում է նույն կազմակերպության հետ, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններից մեկի շահերով հանդես է գալիս որպես ներկայացուցիչ ԿԸՀ-ում կամ ՍԴ-ում»: Պարզ է, որ Տիգրան Մուկուչյանը նկատի ուներ Տիգրան Եգորյանին:
Նա շարունակեց թեման՝ ասելով. «Մտահոգիչ է, որ անգամ կուսակցության անունից ներկայացված դիմումին, որը ուներ 3000-ից ավելի վստահված անձ, հանձնաժողովի անդամներ եւ այլն, մի հատ դիմում չկար կցված, բացի տվյալ ՀԿ-ի դիտորդների կողմից ներկայացված նկատառումներից»: Ըստ Մուկուչյանի, եթե խոսում եք կեղծ կուսակցական կազմակերպությունների մասին, ապա ընդհանրական խոսեք՝ բոլորի մասին:
Տիգրան Մուկուչյանը հեգնեց որոշ դիմումներ. «Սարքավորման մեջ թուղթը սխալ են դրել: Ավարտվելուց հետո թուղթը հանել է, հակառակն է դրել, կտրոնը տպելու ժամանակ չի տպվել, հակառակը դրել է՝ տպվել է: Սրա վերաբերյալ 10 հատ դիմում կա: Հիմա ես չեմ՝ դուք ձեզ պատկերացրեք տարածքային հանձնաժողովի նախագահ, որը քննում է այդ դիմումը, ի՞նչ պետք է անի: Կամ ասում են՝ թույլ է տրվել ԸՕ պահանջների խախտում, վերջացել էր սարքի մեջի թուղթը: Թուղթը պրծել է, երկրորդը պիտի դնի»:
ԿԸՀ նախագահը խոստացավ ԿԸՀ-ի տեսակետը զեկույցի մասին գրավոր ուղարկել, որը հետագայում կկցվի զեկույցին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































