Այսօր Վարչական դատարանում Շահեն Հարությունյանի դեմ Քաղաքապետարանի գործով առաջին նիստն էր: Երեւանի քաղաքապետարանի լիազորված անձի ՝ Անդրանիկ Մուրադյանի միջնորդությամբ եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաստատմամբ ՀՀ վարչական դատարանում ներկայացված հայցն ընդունվել է վարույթ՝ ընդդեմ Շահեն Հարությունյանի՝ կապված «Հաց բերողի» մահվանը հաջորդող բողոքի ցույցերի կազմակերպման հետ:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը առարկեց՝ ասելով, որ գործերի հանգամանքները այլ են, մի դեպքում հավաքն իրականացվել է Սայաթ-Նովա-Նալբանդյանում, մի դեպքում՝ Մաշտոցի պուրակում, միայն իրավախախտման սուբյեկտն է հանդիսանում նույնը:
Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի ավելի ուշ:

Թե ինչքանով է հիմնավոր հայցը՝ Շահեն Հարությունյանն ասաց. «Հիմնավոր չի ընդհանրապես, որովհետեւ ինքնաբուխ հավաքներ էին, որոնց ընթացքում մենք իրականացնում էինք երթեր: Հենց պարոն Օսիպյանը բազմաթիվ անգամ ասել է, որ այո, ձեր հավաքները համընկնում են ինքնաբուխ հավաքների օրենքի շրջանակներում: Ոչ մի հակաօրինական բան չի եղել ու հենց ցույցերի ավարտից հետո միանգամից վարչական վարույթ են հարուցում՝ իբր թե ինքնաբուխ հավաքներ չեն եղել եւ պահանջվում էր իրազեկում ներկայացնել քաղաքապետարան»:
Հարցին՝ ինչո՞ւ են այս դատական ակտերի միջոցով փորձում ձեզ այսպես ասած վնասազերծել, դուք վտա՞նգ եք ներկայացնում իշխանության համար՝ Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Դա իշխանությունն ավելի լավ կիմանա: Բնականաբար, սա քաղաքական հետապնդում է: Ես փորձում եմ հանրային գործունեություն ծավալել եւ բացահայտ եւ ընդհատակյա: Դա այնպիսի բան է, որ իշխանությունները շատ լավ հասկանում են ու գիտեն դրա մասին, ամեն ինչ անում են, որ կանխեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































