Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գործող նախագահ Պեդրո Ագրամունտի ետկանչը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև ԵԽԽՎ աշնանային նստաշրջան: Aravot.am-ի տեղեկություններով`Ագրամունտին հեռացնելու ստորագրահավաքի արդյունքում այս պահին հավաքվել է 120-ից ավելի ստորագրություն, սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի հարցը դրվի վեհաժողովի քվեարկությանը, ինչը պետք է արվի այն ժամանակ, երբ նիստերի դահլիճում մեծ թվով պատվիրակներ լինեն: Այնինչ, մեր տեղեկություններով այսօր արդեն մի շարք պատվիրակություններ լքել են Ստրասբուրգը:

Ուստի հավանաբար այդպես էլ այդ հարցը չդրվի քվեարկության ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում և հետաձգվի մինչև ԵԽԽՎ աշնանային նստաշրջան: Նաև ի հեճուկս ադրբեջանական պատվիրակության անդամների` ամրագրված է, որ քվեարկությունը կլինի բաց` էլեկտրոնային, ոչ թե փակ: Նշենք, որ այժմ Ագրամունտը գտնվում է Մադրիդում:
Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ այսօր ԵԽԽՎ շենք մուտք գործելիս ադրբեջանական մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ իրեն տեղեկացրել են, որ Ագրամունտը ընդդեմ ԵԽԽՎ-ի գործընթաց սկսելու համար փաստաբան է վարձել, իսկ ծախսերը հոգում է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Իլխան Սուլեյմանովը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































