Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Վերնիսաժում» ոմանց կարելի է արգելված իրեր վաճառել, իսկ ոմանց՝ ոչ

Հուլիս 17,2017 13:00

Նախկին առեւտրականները հույս ունեն,
որ ի վերջո կվերադառնան «Վերնիսաժ»

Մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ «Վերնիսաժ» տոնավաճառից «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք տեղափոխված վաճառականները՝ 2 տասնյակից ավելի անհատներ, հույս ունեն, որ Երեւանի ավագանու առաջիկա նիստերում իրենց խնդրին վերջապես լուծում կտան: Նրանք պնդում են՝ հերիք չէ, որ իրենց ապօրինաբար հանել են տարածքից, մի բան էլ՝ օրենքը բոլորի համար չի գործում: Խնդիրն այն է, որ, օրինակ, ապակե եւ հնամաշ իրեր վաճառելն այլեւս արգելված է, սակայն հիմա էլ «Վերնիսաժում» այդպիսի իրեր, եւ ոչ միայն, վաճառվում են: Վաճառականները վրդովված են եւ պահանջում են, որ ավագանու այդ որոշման առաջ բոլորը հավասար լինեն: «Հիմա էլ վաճառում են արգելված իրերը, այդ թվում՝ հագուստ՝ խորհրդային ժամանակների սպիտակեղեն, թուրքական սրբիչներ, սավաններ, ծածկոցներ: Դա փաստ է, կարող եք գնալ եւ տեսնել, համոզվել«,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «Վերնիսաժ»-ի նախկին վաճառականներից Անահիտ Նազարյանը: Նրա խոսքով՝ իրենք այդպես էլ չեն հասկացել՝ ինչո՞ւ ոմանց կարելի է արգելված իրեր վաճառել, իսկ իրենց՝ ոչ:

Նշենք, որ Երեւանի ավագանու 2016թ. որոշմամբ՝ «Վերնիսաժում» արգելվել է վաճառել գյուղատնտեսական եւ պարենային մթերքներ, պարֆումերիա, կոսմետիկա, ծխախոտ, համակարգչային-կենցաղային տեխնիկա, կենցաղային քիմիայի ապրանքներ, կենդանիներ, բույսեր, ծաղիկներ, դեղեր, հին կենցաղային իրեր(որոնք հուշանվեր չեն), հագուստ, շինանյութ, պեղված մշակութային ժառանգություն: Թույլատրված է վաճառել միայն դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ, արհեստագործական արտադրանք, այդ թվում՝ փայտե քանդակներ, արծաթե զարդեղեն եւ իրեր, հուշանվերներ, հուշամեդալներ, մանրադրամներ, շքանշաններ, հնաոճ իրեր, գորգ, ձեռագործ աշխատանքներ, գրքեր, որսորդական պարագաներ եւ այլն:

«Մեր պայքարի նպատակն այն է, որ հետ վերադառնանք մեր տեղերը: Սպասում ենք, տեսնենք՝ ավագանին կանդրադառնա՞ մեզ»,-նշեց տիկին Անահիտը: Նա նաեւ տեղեկացրեց, որ վերջին մեկ տարում նամակներ են ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց ոչ մի արձագանք: Անգամ Երեւանի ավագանու քարոզարշավի ժամանակ է Անահիտ Նազարյանը նամակ փոխանցել, նաեւ՝ փորձել զրուցել Տարոն Մարգարյանի հետ, սակայն չի հաջողվել՝ թույլ չեն տվել մոտենալ:

Նշենք, որ օրերս Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքում վաճառականները հանդիպեցին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հետ եւ ներկայացրին իրենց խնդիրը: «Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանն «Առավոտ»-ին տեղեկացրեց, որ այդ հարցով դեռ քննարկումների մեջ են: «Խնդիրն այն է, որ քաղաքապետարանի որոշմամբ «Վերնիսաժի» տարածքի նպատակային նշանակությունն է փոխվել: Այն դարձել է ցուցահանդես-վաճառքի տարածք, մինչդեռ տասնյակ տարիներ եղել է «Վերնիսաժ»,-նկատեց Զարուհի Փոստանջյանը:

Վաճառականներին թեեւ տարածք են հատկացրել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում, սակայն նրանք դժգոհում են, որ հացի փող չեն կարողանում վաստակել՝ առեւտրի պայմանները հարմար չեն, մշտական հաճախորդներն այլեւս չկան:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31