Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիբլիո-Գլոբուսում» մեկնարկեց «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը

Հուլիս 17,2017 13:08

Ռուսաստանի մայրաքաղաքի Մյասնիցկայա փողում գտնվող ինտելեկտուալ կենտրոնում մեկնարկեց «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը»: ԴԻԱԼՈԳ կազմակերպության կողմից նախաձեռնված միջոցառումը նվիրված էր կազմակերպության գործունեության հարյուր օրվան:

Միջոցառմանը մասնակցեցին ռուսաստանյան խորհրդարանականներ, գիտնականներ, վերլուծաբաններ, Մոսկվայի հայ և բաշկիր համայնքների ներկայացուցիչներ, ՌԴ ԱԳՆ և Մոսկվայում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ:

Ռաֆայիլ Զինուրովը` ծրագրի առաջին հյուր

«Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը ներկայացրեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: «Ծրագրի շրջանակներում ռուսաստանյան տարբեր հարթակներում կկազմակերպվեն Հայաստանի պատմության, մշակույթի և ժամանակակից կյանքի նշանակալից էջերին նվիրված ձեռնարկներ` տարբեր ազգերի մեր բարեկամների մասնակցությամբ», նշեց նա:

Ծրագրի առաջին հյուրը հանդիսացավ ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովը: Սենատորը հանդիսանում է «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակը:

Գիրքը ռուսերենով գոյություն ունեցող բոլոր պատմական աղբյուրների օգտագործմամբ շարադրված է չափածո կերպով, ուր պահպանվել են արևելյան պոեզիայի լավագույն ավանդույթները, պատմեց Նավոյանը: «Բաշկիր հեղինակի և ռուսաստանյան քաղաքական գործչի աշխատությունը ներկայացնում է Հայաստանի համակարգված պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը չափածո շարադրանքով: Սա նոր և նշանակալի ավանդ է հայագիտությունում – նշեց ԴԻԱԼՈԳԻ նախագահը: – Զինուրովը խորապես հրապուրված է Հայաստանի պատմությամբ և մշակույթով»:

Գիրքը, Նավոյանի խոսքերով, ունի լուսավորչական, հանրագիտարանային և գործնական նշանակություն, ինչպես նաև հանդիսանում է «ազգամիջյան և միջկրոնական երկխոսության վառ օրինակ»:

Զինուրով. «Հայ ժողովուրդը կանգնած է հնագույն քաղաքակրթության գլխին»

Եռահատորյակի հեղինակը այն գրել է ութը երկար տարիների ընթացքում: Այժմ իր աշխատությունը նա համարում է Հայաստանի պատմության, ազգագրության և ռազմական գործի տեղեկատու:

«Հայ ժողովուրդը կանգնած է հնագույն քաղաքակրթության գլխին, դրա համար էլ ես որոշեցի գրել այս գիրքը», ասաց Ռաֆայիլ Զինուրովը:

Հայաստանը վերապրել է տասնյոթ կայսրություն, և նրանցից յուրաքանչյուրը, հեղինակի խոսքով, ցանկացել է իր մեջ լուծարել հայ ժողովրդին: Բայց դա տեղի չի ունեցել:

Հայերին հաջողվել է կլանումից խուսափել իրենց հատուկ խառնվածքի, սեփական գրի և հայ եկեղեցու շնորհիվ, համարում է Զինուրովը:

Յուրի Նավոյանը նշեց, որ Ռաֆայիլ Զինուրովը այժմ Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի դոկտորանտ է և նախատեսում իր երկրորդ` այս անգամ պատմագիտական դոկտորական ատենախոսությունը պաշտպանել Հայաստանում:

Սվարաց. «Զինուրովի աշխատանքը քաղաքացիական սխրանք է»

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցը Ռաֆայիլ Զինուրովի աշխատությունը համարեց «հիմնարար աշխատանք չափածո կերպով»: «Մասնագիտական հասարակայնության ներսում «պատմական պատերազմների» դարաշրջանում ծայրահեղորեն բարձրանում է հրատապ և օբյեկտիվ ուսումնասիրությունների պահանջը, – նշեց նա իր ելույթում: – Աջ ու ձախ տեղի է ունենում պատմության կեղծարարություն, երբ մի ժողովրդի ձեռքբերումը ցածրացվում է մյուսի շահերի համար: Այդ շահարկումները պատմության և ակադեմիական գիտության հետ ոչ մի աղերս չունեն: Զինուրովի աշխատությունը որոշակի քաղաքացիական սխրանք է»:

Ալեքսանդր Սվարանցը հատուկ ուշադրություն դարձրեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր հարաբերություններին` հղում անելով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին. «Նախագահն ասել է, որ մենք իհարկե, հպարտանում ենք այդ բարեկամությամբ, բայց դա ամենօրյա հսկայական աշխատանք է: Հատկապես երիտասարդության հետ աշխատանքը, – նշեց նա: – Ամեն մի սերունդ պետք է այդ բարեկամությունում իր ավանդն ունենա»:

Նա շնորհակալություն հայտնեց Ռաֆայիլ Զինուրովին` նրա հասարակական և քաղաքական աշխատանքի համար, որը նպաստում է այդ բարեկամության ամրապնդմանը:

Օլեգ Մալիկովը, «Բաշկորտոստոնի հայրենակցություն» կազմակերպության փոխնախագահը, պատմեց, որ կազմակերպության գործունեությունն ուղղված է տարբեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Նրա խոսքերով, Զինուրովը ակտիվորեն նպաստում է հայ-ռուսական բարեկամության զարգացմանը:

Ռաֆայիլ Զինուրովի շնորհիվ իրականացվել են մի շարք ծրագրեր Բաշկիրտոստանի և Հայաստանի միջև:

Զինուրովը բազմակողմանի մարդ է: Լինելով ռուսաստանյան հայտնի քաղաքական գործիչ, նա ոչ միայն գրքեր է գրում, այլ նաև հրապուրվում է քանդակագործությամբ: Յուրի Նավոյանը պատմեց, որ մոսկովյան բաշկիրական համայնքի հետ միասին 2015 թ. ՌԴ Դաշնային Խորհրդում կազմակերպել են Զինուրովի քանդակների ցուցահանդեսը, որը բացել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նման մեկ ցուցահանդես էլ ծրագրվում է կազմակերպել Երևանում, որից հետո հեղինակը նախատեսում է հայկական թեմաներով իր քանդակները նվիրել Հայաստանի պետական պատկերասրահին:

Միջոցառման մասնակիցները տարօրինակ համարեցին այն, որ մինչև օրս Ռաֆայիլ Զինուրովի գործունեությունը չի արժանացել Հայաստանի որևէ պետական պարգևի:

«Ռաֆայիլ Զինուրովի անունը ժողովրդի կողմից ոսկե տառերով է գրված Հայաստանի բարեկամների ցանկում», նշեց Նավոյանը: Նա նաև հրապարակեց այն գործիչների անունները, ովքեր վերջին տասը տարիների ընթացքում առաջ են մղում հայ-բաշկիրական ծրագրերը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում:

Միջոցառման ավարտին հեղինակը իր գրքից մի հատված կարդաց, որը նվիրված էր Ավարայրի ճակատամարտին:

Ելենա Խրուստալյովա     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31