Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկա. «Վաչեն կուրսանտների նկատմամբ գերիշխող դիրք ուներ» (Տեսանյութ)

Հուլիս 17,2017 18:08

2015 թվականի փետրվարի 23-ին տված ցուցմունքում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հովհաննես Ադամյանն ասել է, որ այժմ ամբաստանյալի աթոռին նստած, նույն ինստիտուտի կուրսանտ Վաչեն կուրսանտների շրջանում գերիշխող դիրք ուներ, ծանր բնավորություն ուներ`ավելի հասուն էր մտածում, Նորիկը սպորտով էր զբաղվել, ուժեղ էր, նրանից վախենում էին, Մովսեսը լավ չէր սովորում, վատ բնավորություն ուներ, ոչ ոք նրան չէր սիրում, Գնելն էլ ինստիտուտի պետի տեղակալի որդին էր: Նրանք մտերիմ էին եւ գերիշխող դիրք ունեին: Հարցաքննությունը եղել է նույն ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվանից հետո:

Հովհաննես Ադամյանն այդ ցուցմունքում նաեւ պատմում է, որ տեսել է, թե նրանք ինչպես էին ծեծի ենթարկում կուրսանտ Տիգրան Մանասերյանին: Հետո, պաշտպանների հարցերին ի պատասխան ասաց, որ հստակ չի տեսել`ով է հարվածել Տիգրան Մանասերյանին: Կուրսանտ Հարություն Ալեքսանյանին գիտի, որ ծեծել են, թե ինչի՞ համար`չգիտի: Նախաքննական ցուցմունքում Հովհաննես Ադամյանն ասել է նաեւ, որ Գնելը արտոնյալ կարգավիճակ է ունեցել`հաճախակի տուն է գնացել:

Մանրամասները` տեսանյութում

Մինչդեռ, այսօր դատարանում, վկան ասաց, որ Գնելը տուն չի գնացել, միայն կիրակի օրերին է գնացել: Ասաց նաեւ, որ շատ բան չի հիշում, երկար ժամանակ է անցել: Հիշեցնենք, այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով նիստը:

«Հիշում եմ գիշերվա դեպքը, 1.30 արթնացրել է Նորիկ Սահակյանը`հրաձգության խնդիր լուծելու համար»,-այսօր դատարանում պատմեց Հովհաննես Ադամյանը: Խնդիրը լուծել է, դրանում արտառոց ոչինչ չի տեսնում, տեղյակ էլ չի, որ վերակարգ կա, որ կարող էին իրեն պատժել գիշերն այդ ժամին, առանց թույլտվության միջանցքում գտնվելու համար. «Ես էդ առարկայից լավ եմ եղել, խնդրել ա, օգնել եմ»: Մինչեւ 2-ի սահմաններն է եղել միջանցքում: Հետո, նորից մտել է անկողին, մանրամասները չի հիշում: Էդ պահին ոչ մի բան ոչ տեսել է, ոչ էլ լսել`ոչ ձայն, ոչ շարժ:

Սպանված Հայկազի մասին էլ պատմում է` անձնակազմի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, շփվող, լավ սովորող կուրսանտ է եղել: Որ Հայկազը ուզում էր կյանքին վերջ տալ`վկան չի լսել: Նաեւ ասում է`ամբաստանյալները Հայկազի նկատմամբ գերիշխող չեն եղել: Այլ կուրսանտների հետ նրանց հարաբերությունների, կռիվների մասին չգիտի: Իր հետ ամբաստանյալները կոնկրետ խնդիրներ չեն ունեցել, մնացածի հետ եղել են խնդիրներ, կոնկրետ չի հիշում: Ընդհանուր առմամբ ամբաստանյալներին ոչ լավ բնութագրեց, ոչ վատ`նորմալ:

Մանրամասները`տեսանյութում

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո, վկան ասաց, որ պնդում է նախաքննական ցուցմունքները: Բացատրեց`դատարանում ասածների հետ հակասություններ կան, քանի որ շատ ժամանակ է անցել, բայց հիմա հիշեց եւ պնդում է նախաքննական ցուցմունքը:

Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 28-ին, ժամը 13.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31