Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր «Սարի թաղի գործի» քննությունը:
Հիշեցնենք, որ Սարի թաղի բնակիչներ Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին եւ Ժորա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության ծառայողների հանդեպ բռնություն գործադրելու համար: Նախորդ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին, երբ ոստիկանությունը փակել էր սարի Թաղից Խորենացի փողոց տանող ճանապարհը, բախում էր տեղի ունեցել նրանց եւ քաղաքացիների միջեւ:

Դատախազի հարցերին ի պատասխան՝ նա հայտնեց, որ եղել է ոստիկանական համազգեստով, ծառայակիցները՝ եւս: «Մեզ ասել էին՝ ոչ մեկը չանցնի: Ժողովուրդը չպետք է իջներ ներքեւ: ՊՊԾ գունդը մոտ 300 մետրի վրա էր, այդ ճանապարհով կարելի էր հասնել այնտեղ»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:
Դատախազը հետաքրքրվեց՝ քաղաքացիներն ալկոհոլ օգտագործե՞լ էին: «Բնականաբար, օգտագործած վիճակում կլինեին»,-պատասխանեց նա, ապա ավելացրեց՝ «հնարավոր է»: Հետո վկան հստակեցրեց՝ ապացույց չունի, որ քաղաքացիներն ալկոհոլ են օգտագործած եղել:
Վկա ոստիկանի խոսքով՝ քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ. «Քարկոծություն էր: Ես չեմ տեսել, որ ձեռքով-ոտքով հարվածեն»: Ես չեմ վնասվել, ոստիկաններից մեկը քարի հարվածից գլխի վնասվածք է ստացել: Ոստիկանական մեքենայի վրա էլ են քարեր նետել»:
Դատախազի հարցին ի պատասխան, թե ոստիկանները զինվա՞ծ էին, վկան պատասխանեց. «հնարավոր է՝ ատրճանակ ունենային»: Դատախազի միջնորդությամբ հրապարակվեց ոստիկանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ քաղաքացիները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքերով եւ ոտքերով հարվածել են ոստիկաններին:
Այլ մանրամասները՝ առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































