Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականներն Օլիմպավանում պատրաստվում են հուլիսի 24-ից 30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ազատ ոճայինների ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը հավաքականի կազմում ընդգրկել է առաջին համարներին եւ հաջող մասնակցության ակնկալիքներ ունի: Բայց դա նա հնարավոր է համարում այն դեպքում, եթե ըմբիշներն իրենք իրենց հավատան:

Հունահռոմեականների ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը նույնպես, չնայած հավաքականում քիչ չեն նորեկները, լավատեսորեն է տրամադրված, քանի որ այս տարի արդեն մասնակցել են միջազգային մրցումների եւ մեդալներ նվաճել: Մարզիչը սակայն հայտարարել է, որ թիմում թափուր կմնա 100 կգ, քաշային կարգը, որում միշտ էլ խնդիրներ եղել են ու կան:
Եվրոպայի առաջնությունում մրցագորգ մտնելու են. Գառնիկ Հովհաննիսյան (42 կգ քաշային կարգ), Ռոբերտ Կարապետյան (46 կգ), Հայկ Ասատրյան (50 կգ), Սամվել Աղաջանյան (54 կգ), Աշոտ Կիրակոսյան (58 կգ), Շանթ Խաչատրյան (63 կգ), Սարգիս Թադևոսյան (69 կգ), Վահե Պողոսյան (76 կգ) եւ Տիգրան Համբարձումյան (85 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ armnoc.am-ի


















































