Այսօր գյումրեցի 35-ամյա Լիլիթ Խաչատրյանը լույս աշխարհ է բերել իր 11-րդ զավակին։ Նա արդեն 6 տղա և 5 աղջիկ ունի․ 3 կգ 600 գրամ քաշով նորածնին անվանել են Դավիթ։ Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը շտապել էր Գյումրու ծննդատուն՝ տեսնելու փոքրիկին։ Մարզպետը ծննդկանին ասաց․ «Էս ինչ հերոսության եք գնացել, մարդկանց հազիվ համոզում ենք, որ մի երեխա բերեն, դուք լավ օրինակ եք բոլորին ծառայում։ Մարդիկ երկրի նկատմամբ վստահություն ունեն, երեխա են բերում, եթե վստահություն չի լինում, փորձում են մի հատ, երկու հատով բավարարվել»։
Լրագրողների հետ զրույցում էլ մարզպետն ասաց, որ 11-րդ երեխայի ծնունդը աշխատանքային շաբաթվա ավարտի ամենահաճելի լուրն էր։ «Սա ամենաուրախալին է, գիտեք ժողովրդագրական վիճակը բավականին ծանր է, չգիտեմ ժամանակին տուրք տալով, թե սոցիալ- տնտեսական վիճակի պատճառներով ձեռնպահ են մնում շատ երեխաներ ունենալուց, բայց թե տեսնում ենք, որ կան բացառություններ։ Աստված տա բացառությունները դառնան օրինաչափություն։ Վաղը, մյուս օրը երկու երեխա ունենալը դառնա բացառություն։ Իհարկե, 11 երեխան քաջություն է, հերոսություն է, պետք է այսպիսի մարդկանց պահենք, պահպանենք, պետությունը պետք փորձի հնարավորինս օգնել»,- ասաց մարզպետը։

Aravot.am-ի այն հարցին, թե համարձակ քայլ չէ՞ այսօրվա պայմաններում 11-րդ երեխան ունենալը, 35-ամյա Լիլիթ Խաչատյանն ասաց․ «Ամեն երեխա իր ղսմաթն ունի։ Աստված ուժ է տալիս, կպահես»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































Շատ եմ ուրախանում երբ նման լուրեր եմ իմանում:
Աստված ձեր բոլոր երեխաներին պահապան: Մեր ազգի ապագան հնարավոր է միայն այն դեպքում երբ մեզանից հետո արժանապատիվ սերունդ լինի: