Հովհ. Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացված խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությանը ներկա էր նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Ինձ համար ցավալի է, որ այս բռնաճնշումների մասին բավականին մանրամասն իմանալով հանդերձ` Հայաստանի տարբեր քաղաքներում ու մարզերում շրջելուց, Երեւանում շրջելուց տեսնում եմ այդ բոլոր բռնաճնշումների հեղինակների անուններով փողոցներ, դպրոցներ` Ֆրունզե, Կասյան…Նաիրի Զարյանի անվան դպրոց եւ փողոց, եւ սա այն դեպքում, երբ կարդաք Նաիրի Զարյանի գրածները 37.թ Չարենցի ու Բակունցի մասին, ուղղակի կսարսափեք…
Սարքովի գործեր են եղել 37 թ, եւ շատերը այն ժամանակ հավատացել են դրանց, գլուխը տմբտմբացնելով, թե երեւի մի բան արած կլինեն: Ցավոք, այժմ էլ ունենք քաղաքական հետապնդվողներ, ու մարդիկ նույն ձեւով հավատում են, ինչպես 37 թ-ին էին հավատում»,-ասաց իրավապաշտպանը:
Մեր դիտարկմանը, որ Հայաստանում կարծես դասեր չեն քաղում այս ամենից, ու Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, մի երկիր, որտեղ վերածնունդ են տալիս ստալինիզմին, բացվում է նրա անունով կենտրոն, կիսանդրի, այցելում են նրա գերեզմանին, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Կարելի է այդ հարցին փիլիսոփայական պատասխանել. եթե մենք այս 25 տարվա ընթացքում ամրապնդած լինեինք մեր պետությունը, այդ ամեն ինչին կարելի էր բացասական պատասխանել, իսկ փիլիսոփայորեն պատասխանս ժպիտն է: Ռուսաստանում դեռեւս չեն ազատվել ամբողջատիրական եւ կայսերական մտածողությունից, որովհետեւ Ստալինը նրանց համար հենց կայսերական մտածողության խորհրդանիշերից մեկն է: Բայց դա Ռուսաստանն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































