Հովհ. Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացված խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությանը մասնակցում էր նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանը կարեւորեց ցուցադրության բացումը. «Պետք է նման ցուցահանդեսներ շատ լինեն, որովհետեւ մեր ժողովուրդը, հատկապես երիտասարդները չգիտեն խորհրդային շրջանի մեր պատմությունը, բացարձակապես տեղյակ չեն: Ընդ որում, մինչեւ 60-ական թվականների եղած խորհրդային շրջանի պատմություն չգիտի ոչ ոք: Պետք է լուսաբանվի, գրվի, եւ ոչ միայն Թումանյանի տուն-թանգարանում, այլ ամենուր, որ մարդիկ հասկանան, թե ինչ շրջան ենք ապրել:


«Դա մեր ամոթն է, որ ունենք Միկոյանի պողոտաներ, կիսանդրիներ, դեռեւս մեր Երեւանի շենքների պատերին ամենուր գրված է` այստեղ ապրել է պետական, կուսակցական գործիչ, կոմունիստ այսինչյանը: Դա նշանակում է, որ մենք դեռեւս վերջնականապես չենք կտրվել մեր խորհրդային անցյալից, դեռ այդ բեռը մեր ուսերին է: Դա է նաեւ պատճառը, որ այսպես ենք ապրում: Քանի դեռ ունենք Ամիրյանի, Միկոյանի, Ղուկասյանի անվան փողոցներ, հուշարձաններ կամ գյուղեր, վատ ենք ապրելու, պարտադրված այսպես ենք ապրելու, որովհետեւ չենք կտրվում խորհրդային մտածողությունից, որովհետեւ մեր իշխանավորներն են այդ մտածողությամբ օժտված, մեր մեջ ապրող մարդիկ, մեր հարեւանները….»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանում ստալինապաշտական մտածողության վերածննդին, Վարդան Հարությունյանը նշեց. «Մենք էլ դրանից հեռու չենք, Ռուսաստանում, իհարկե վերելք է ապրում ստալինիզմը, բայց դա մեզ էլ է առնչվում: Ընդամենը երկու տարի առաջ Երեւանում մեծ խնդիր եղավ, մեր իշխանավորներն ուզում էին Միկոյանի արձանը տեղադրել: Հիմա, որ նայեք մեր արձաններին, ամեն ինչ պարզ կդառնա: Օրինակ, թեկուզ, Նժդեհի հրապարակում կանգնեցված Սպանդարյանի արձանին, լավ է, որ այդ մարդը չի հասցրել շատ վատ բաներ անել, չնայած կոմունիստ է եղել: Այդ ատավիզմը գոյություն ունի մեր մեջ` հսկայական պաշարով, դրա համար էլ այսպիսին ենք»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































