ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Օձաբերդ ուրարտական բնակավայր, որտեղ իրականացվում են հնագիտական պեղումներ եւ ծանոթացել հնագիտական աշխատանքների ընթացքին:
ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ համայնքների ղեկավարներ:

Միքայել Բադալյանի ղեկավարած արշավախմբի իրականացրած պեղումներն առաջին հերթին կարեւոր են նրանով, որ Սեւանի հարավային ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց, որի նվաճումը եւ վերակառուցումը կապված է քիչ ուսումնասիրված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ուրարտական եւ հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լիահույս է, որ Օձաբերդ ուրարտական հնավայրը հետագայում կդառնա Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության կարեւոր վայրերից մեկը:
Արշավախմբի ադամերը հետագայում նպատակ ունեն պեղել ամրոց- բնակավայրի, ինչպես նաեւ ամրոցից հարավ-արեւմուտք տեղակայված բլրի տարածքը, որի գագաթին նկատել են դամբարանների խցեր, իսկ ներքեւում` մինչեւ ստորոտը, պատերի հետքեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































