ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։
Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ երկու հինավուրց և մեծ ժողովուրդների պատմական և արժեհամակարգային ընդհանրությունները հրաշալի նախադրյալ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտում։ Որպես արդյունավետ փոխգործակցության ուղղություններ նշվել են փոխադարձաբար՝ երկու երկրների համար զինվորական մասնագետների պատրաստումը և համագործակցությունը հումանիտար ոլորտում։ Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ չինական ռազմակրթական հաստատություններում բարձրագույն կրթություն ստացած հայ զինվորականները հրաշալի սպաներ ու հրամանատարներ են դառնում։ Հայաստանն, իր կողմից, պատրաստակամ է ընդլայնել չինացի զինվորական մասնագետների պատրաստման ծրագիրը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրներին։ Չինաստանը, վերջին տարիներին, առավել մեծ ներգրավում է ունենում ժամանակակից գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում։ Հայաստանը մեծապես կարևորում է այդ ջանքերն ու պատրաստակամություն հայտնում աջակցել դրանց։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ թեև Հայաստանը մեծ երկիր չէ, այդուհանդերձ, պատկառելի մասնակցություն է բերում խաղաղարար առաքելություններում։

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հակամարտության հետ կապված ներկա իրավիճակը, նշելով, որ թեև Հայաստանը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բանակցային ճանապարհով, այդուհանդերձ, երկրի զինված ուժերը մշտապես պատրաստ են իրադրության ցանկացած զարգացման։

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն տրամադրելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ դա հայ-չինական բարեկամական հարաբերությունների վկայություններից մեկն է։ Հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































