Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ համերգ, որը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների արդյունքների յուրահատուկ ամփոփումն էր:
Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանի և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանի կողմից անցկացված համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որ մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը սեպտեմբերի 25-ին կտրամադրվի Արցախի մյուս կարիքավոր դպրոցներին:

Բուենոս Այրեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանը շնորհակալություն հայտնեց համերգաշարի բոլոր մասնակիցներին, արվեստագետներին, օտարազգի երաժիշտներին և Սփյուռքի նախարարությանը: «Երբ նոր էինք սկսում այս ձեռնարկը, երգում էինք գոնե 200 գործիք գնելու մասին: Սակայն այսօր մեր բարերարների շնորհիվ արդեն ձեռք ենք բերել 300 ժողովրդական և դասական երաժշտական գործիքներ: Համերգներից մեկի ողջ հասույթը մենք նվիրեցինք Արգենտինայի ամենահարավում գտնվող Պատագոնիա բնակավայրի հիմնադրամին՝ այդ ձևով շնորհակալություն հայտնելով այն արգենտինացի արվեստագետներին, ովքեր միացել էին մեր շարժմանը: Սա նաև լավ միջոց էր Արցախյան հիմնահարցի մասին բարձրաձայնելու համար: Սակայն մեր հիմնական նպատակն ու առաքելությունը օտար երկրներում ապրող հայ երիտասարդներին ազատ, անկախ Հայաստանին կապելն է»,-նշեց Անտոնիո Սարաֆեանը:
Դուդուկահար Գագիկ Գասպարյանն ընդգծեց. «Սա իմ 21 տարվա բացակայության, կարոտի տուրքն է Մայր հայրենիքին: Խոսքեր չեմ գտնում, կարծում եմ՝ մինչ այժմ արվածը ավելի քան խոսուն է»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանին շնորհեց ՀՀ ՍՆ ոսկե մեդալ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայրենիքին և սփյուռքին մատուցած ծառայությունների, սփյուռքի համայնքների միջև և հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Արգենտինայի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Անտոնիո Սարաֆեանը Սփյուռքի նախարարին հանձնեց հատուկ հուշանվեր: Համերգի մասնակիցներին և կազմակերպիչներին ևս տրվեցին հուշանվերներ և շնորհակալագրեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































