Կիբերանվտանգության դեմ պայքարում Հայաստանում չկա համակարգված պայքար: Այսօր այս մասին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա մասնակցում էր ԱրմԹեք 17 բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողովին: Այս տարի միջոցառումը կիբերանվտանգության թեմայով է: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, պետական հատվածը ԱԱԾ-ն է պաշտպանում, Կենտրոնական բանկը բանկերին է պարտադրում ինչ-որ կանոնների հետեւել, հավաստագիր ունենալ եւ այլն: Օրենսդրական դաշտում էլ, ըստ պարոն Մարտիրոսյանի խնդիրներ կան. «Կրթական համակարգ չի մտել կիբերանվտանգությունը, իսկ դա հայտնի վիճակագրական փաստ է, որ հարձակումների գերակշիռ մասից կարելի էր խուսափել, եթե մարդիկ տարրական գիտելիքներ ունենային»:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, մեր երկրում կիբերհանցագործությունների վերաբերյալ ստույգ վիճակագրություն չկա, քանի որ շատերը կիբերհանցագործների հարձակումների ենթարկվելիս չեն էլ դիմում ոստիկանություն. «Մարդիկ համարում են, որ կիբերհանցագործությունը վերացական ինչ-որ մի բան է, դրա համար Հայաստանի դեպքում մենք նույնիսկ ունենք խնդիր հասկանալու որքանով է իրավիճակը վատ»:
Հակառակ Սամվել Մարտիրոսյանի պնդումներին, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գտնում է, որ մեր երկիրը գրեթե 90 տոկոսով պաշտպանված է կիբերհանցագործների հարձակումներից:

Համաժողովի բացմանը ներկա վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ այս ոլորտում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել եւ ունի ներուժ` տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար դառնալու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































