Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մաեստրոյի առաջիկա երկու համերգներից մանրամասներ ներկայացրին:
Առաջին անգամ Տիգրան Մանսուրյանը դաշնամուրին մոտեցել է Արթիկի մշակույթի տան դահլիճում, և Մշակույթի տունն այդ համերգին պաշտոնապես կանվանակոչվի Տիգրան Մանսուրյանի անունով: Վանաձոր քաղաքի ընտրությունը ևս պատահական չէ: Մաեստրոն իր հոգու պարտքն է համարում համերգ ունենալ լոռեցիների համար և իր ընկերոջ` Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին:

Տիգրան Վիրաբյանը նշեց, որ Արթիկում ու Վանաձորում համերգները կկայանան հոկտեմբերի 1-2-ին, չնախատեսված մեկ համերգ կլինի Էջմիածնում նաեւ Արցախում: Նա խոստացով, որ ովքեր չեն կարողանա անձամբ ներկա գտնվել համերգներին, դրանց կհետեւեն ուղիղ եթերների միջոցով:
Արմեն Ամիրյանը լիահույս է, որ նման բարձրակարգ համերգները կլինեն օրինաչափ եւ ոչ բացառիկ, քանի որ մշակույթը պետք է գնա նաեւ մարզեր եւ ոչ թե միայն մայրաքաղաքում կենտրոնանա:

Մաեստրոն հուզված է, որ Արթիկի մշակույթի տունն իր անունով է կոչվելու: Նա նշեց, որ թեեւ ինքը Բեյրութում է ծնվել, սակայն իրենք 47-ին Արթիկ են տեղափոխվել, եւ ինքն իրեն Արթիկցի է համարում: Իր ձեւակերպմամբ, հայոց լեզուն իր հոգու հայրենիքը համարող կոմպոզիտորը ափսոսում է, որ խորհրդային տարիներին գործիքային երաժշտությունը դուրս է մղել հայ դասական պոեզիան: «Բոլոր այն կոմպոզիտորները, որոնց երաժշտության մեջ տեղ ունի պոեզիան, որոնք ունեն հայերենի զգացողություն, ես իմ ընտանիքի անդամն եմ համարում»,-ասաց Տիգրան Մանսուրյանը: Նաեւ հիշեց, թե ինչպես է առաջին անգամ Արթիկի բանվորական ակումբում մոտեցել դաշնամուրին: Մաեստրոն մինչեւ հիմա սիրով է հիշում Արթիկը, որտեղ թեեւ ասել էին, թե Արթիկից Սայաթ Նովա դուրս չի գա, սակայն ինքը «դուրս եկավ»:
Նա նաեւ զուգահեռ է տանում` Արթիկի ճակնդեղի դաշտերն ու Կոմիտասի «Գարնան գութան հանեցի»-ին նույն մուգ կանաչ գեղեցիկ գույնն ունեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































