«Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը (www.april2016.am)։
Վերջինս նվիրված է 2016թ. ապրիլյան պատերազմին, տեղի ունեցած մարտական գործողություններին, զոհված հերոսների կյանքի ու սխրանքի պատմությանը, հայ-ադրբեջանական պատերազմի ներկա փուլին։ Կայքում ընթերցողի հետ հարց ու պատասխանի ձևաչափով լուսաբանված են պատերազմի ներկա փուլի ընթացքը, դրա դրդապատճառներն ու հաղթահարման հնարավոր տարբերակները, առաջնագծում զինծառայողների հերոսության ներկայացման համաշարում պարզաբանված է պատերազմական պայմաններում թիկունքի և առհասարակ քաղաքացիական բնակչության դերակատարությունը։

Կայքն ունի նաև ադրբեջաներեն էջ, որտեղ ներկայացված են հակառակորդի լսարանին հետաքրքրող այն հարցերի պատասխանները, որոնք ադրբեջանցի ակտիվ օգտատերերը հաճախ փորձում են ստանալ հենց հայկական կողմից։ Կայքը չծանրաբեռնելու համար այդ էջը հասանելի է միայն ադրբեջանցի օգտատերերին։


Կայքի բովանդակության ահռելի ծավալների նախնական ինֆորմացիան հավաքվել է ՊԲ և ՊՆ՝ մարտական գործողություններում ներգրավված համապատասխան զորամասերում դաշտային աշխատանքների, զոհված զինծառայողների ընտանիքներ տնայցերի, ինչպես նաև ոլորտի առաջատար ու ճանաչված մասնագետների հետ մշտական փոխխորհրդակցության շնորհիվ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն


















































