Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ, պրոդյուսեր, դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանական միջազգային 5-րդ փառատոնը: Այս առիթով հոկտեմբերի 9-ին «Գրանդ հոթել Երևանում» կայացավ Ջոն Մալկովիչի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ասուլիսը:

Ջոն Մալկովիչը նշեց, որ վերջերս նույն ծրագրով շրջագայել են Արգենտինայում, Եվրոպայում, այդ թվում` մի քանի օր առաջ Զագրեբում են եղել:
«Հիանալի ապրումներ ունեմ, մեծ սիրով եմ հանդես գալու: Երաժշտությունը համամարդկային ուժ է ամփոփում իր մեջ, հատկապես կենդանի կատարմամբ դասական երաժշտությունը»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է համատեղ համերգ-ներկայացմանը, Մալկովիչի ձեւակերպմամբ, իմաստն այնպիսին է, ինչպիսին դու ես ընկալում. «Այս գործի մեջ փորձել ենք ամուսնացնել տեքստն ու երաժշտությունը…Իմիջիայլոց, այս երաժշտությունը պարունակում է նաեւ պարանոյայի որոշ տարրեր»:
Հոլիվուդյան լեգենդի սիրելի կոմպոզիտորներն են Մոցարտը եւ Շուբերտը, սիրելի գրողը` Ֆոլքները: «Երբ որեւէ երաժշտական գործ եմ լսում, պիտի բազմաթիվ անգամներ լսեմ, որպեսզի կարողանամ այդ գործին համակցել տվյալ տեքստը: Տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, դրա համար պետք է սահի երաժշտության կողքին: Տեքստը երաժշտությանը զուգակցելը բարդ գործ է: Խառը գործեր կատարելիս` երբեմն երաժշտության սիրահարներն ասում են` այս մարդիկ տեսնես ինչո՞ւ են խոսում, իսկ թատրոնի սիրահարները զարմանում են, թե մյուսներն ինչո՞ւ են երգում»
Սերգեյ Սմբատյանը Խաչատրյանական փառատոնը համարում է կայացած, քանի որ նման հեղինակության մասնակցությամբ է մեկնարկը տրվում: Դիրիժորը կարծում է, որ համերգից հետո պարզ կլինի, թե ուրիշ ինչ նախագծերում կհամագործակցեն:
Մալկովիչը նշեց, որ Հայաստան գալու որոշումը այս տարվա գարնանն է կայացրել: Հայաստանի մասին առանձնապես տեղեկացված չէ, հատուկ պատմական գրքեր չի կարդացել, լսել է այն երաժշտությունն, ինչ ուղարկել է Սերգեյ Սմբատյանը:
Հայոց ցեղասպանության մասին էլ հարց հնչեց: «Ի՞նչ կարող եմ ասել ցեղասպանության մասին… Ցավոք, այդպիսի ահավոր բաներ էլ կարող են գործել մարդիկ…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































