Հայ երիտասարդներն իրենց ուժերով բեմադրել են Էնդրյու Վեբերի եւ Թիմ Ռայսի «Հիսուս Քրիստոս Գերաստղը»
Կան մշակութային արժեքներ, որոնք կարծես ստեղծված են ոչ միայն տվյալ ժամանակի, այլ, առանց չափազանցության՝ հետագա դարերի համար նույնպես: Նման գործերից է Էնդրյու Վեբերի եւ Թիմ Ռայսի «Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք օպերան, որի պրեմիերան կայացել է Բրոդվեյում, 1971թ.: Ավետարանի հիման վրա ստեղծված այս երկը պատմում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա մասին՝ սկսած Հիսուսի եւ նրա աշակերտների՝ Երուսաղեմ ժամանելու պատրաստություններից մինչեւ խաչելիությունը: Այն պատկերում է Հուդա Իսկարիովտացու եւ Հիսուս Քրիստոսի քաղաքական ու միջանձնային բախումները, որոնք ներկայացված չեն Աստվածաշնչում: Ժամանակակից մոտեցումներն ու կերպարների զգայական աշխարհը լրացնում են խոսքերը, իսկ քաղաքական իրադարձությունները պատկերվում են ժամանակակից կյանքի հանդեպ հեգնական ակնարկներով:
1970-ականների կեսերին Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբի երկացանկում հնչում էին հատվածներ ռոք օպերայից, իսկ 1980-ականների կեսերից սկսած մեզ մոտ ռոք օպերան բեմադրելու փորձեր արվեցին, բայց ոչ ավելին: «Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք օպերայի բեմադրությանը առաջին անգամ հանդիպեցինք այս ամռանը, Մարտին Խաչատրյանի ռեժիսուրայով, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողական թատրոնում: Բոլորովին վերջերս էլ ռոք օպերան ներկայացվեց «Հայֆեստ» 15-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում:
«Առավոտը» հանդիպեց Հիսուս Քրիստոսի կերպարը մարմնավորած դերասան, երգիչ Սուրեն Պողոսյանի հետ (լուսանկարում), որը դեռեւս ուսանում է ինստիտուտում՝ Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցում: Ի դեպ, ռոք օպերան ներկայացվեց հայերենով: Մեր զրուցակիցը նշեց, որ թարգմանությունը կատարել է Մարիա Մագթաղինացու դերակատար Լիանա Ավետիսյանը, Հուդայի կերպարում էր երգիչ Միհրան Պետրոսյանը, բեմադրությանը հրավիրված էր «Սեբաստացիներ» երգչախումբը՝ Լուիզա Քեշիշյանի ղեկավարությամբ, պարուսույցներն են Հենրի Խաչատրյանն ու Արա Ասատուրյանը:
«Շուրջ մեկ տարի տեւեց թարգմանությունը, նույնքան ժամանակահատված էլ անցկացվում էին փորձերը: Հրավիրել էինք վոկալի մասնագետներ՝ Զառա Մուսայելյանին, Մոնիկա Մանուչարովային, Սոֆյա Բաղդասարյանին: Որոշեցինք ներկայացնել այս աշխատանքը փառատոնային ծրագրում, քանի որ բազմաթիվ հյուրեր էին ժամանել: Ասեմ նաեւ, որ այս մեծ նախագծին ոչ մի հովանավոր չգտնվեց, նույնիսկ այդ նպատակով մասնակցեցինք 1-2 գրանտների մրցույթի»,- հայտնեց Սուրեն Պողոսյանը: Ռեպլիկին՝ բավական ռիսկային էր առաջին անգամ ներկայացնել ողջ ռոք օպերան, դերասանը ասաց, որ դեռ հույսները չեն կորցրել հովանավորներ որոնելուց եւ հույս ունեն, որ առաջին աջակցությունը «կգա» մշակույթի նախարարությունից:
Դիտարկմանը, թե ներկայացման մասին որոշ մասնագետներից դրական կարծիքներ ենք լսել, դերասանը հայտնեց. «Անընդհատ չեմ ուզում խոսել ֆինանսական միջոցներից, բայց ամեն ինչ արել ենք մեր ուժերով եւ բեմադրությունը պահանջում էր նաեւ տեխնիկական ծախսեր: Եթե ամեն ինչ լավ ընթանա, կվերանայենք ու առաջին հերթին ռոք օպերան կներկայացնենք մարզերում ու Արցախում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
13.10.2017






















































