Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան » համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի 10-րդ հոբելյանական համերգը։Այդ առիթով այսօր՝ հոկտեմբերի 27-ին կայացավ համերգին նվիրված մամլո ասուլիսը։ Ներկաների թվում էին բենդի անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը , Դոնզել Դեվիսը ինչպես նաև հայ երաժիշտներ Նելլի Մանուկյանը,Ալլա Սահակյանը և Սոնա Ումրոյանը ։

Ասուլիսի բանախոսներից Ալլա Սահակյանն ընդգծեց, որ այս համերգը ավելի քան կարևոր է քանի որ երեք կարևոր իրադարձությունների կիզակետում է. «Գարի Քյոսայանը 50 տարի առաջ հիմնեց իր առաջին տրիո բենդը, ինչպես նաև այս տարի նրա հոբելյանական տարեդարձն է և արդեն 10 տարի է, ինչ նա աշխատում է իր ամերիկյան բենդի հետ։ Այս առումով կարող ենք ասել, որ համերգն իսկապես հոբելյանական է և շատ կարևոր»։
Արտասահմանցի երաժիշտ Լուիս վան Թեյլորը պատասխանեց լրագրողների հարցերին, նշելով որ հայ հանդիսատեսից ակնկալում է այն ջերմ ընդունելությունն ու էներգիան, ինչը ստացել է երկու տարի առաջ Հայաստանում ելույթ ունենալիս։
Aravot-ի այն հարցին, թե ինչով է տարբերվում հայ հանդիսատեսը ամերիկյան հանդիսատեսից, երաժիշտը դժվարացավ պատասխանել: «Ջազի հանդիսատեսը անընդհատ փոխվում է։ Բայց կարծում եմ՝ տարբերությունն այն էր, որ հայ հանդիսատեսը սովոր չի մեզ։ Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այստեղի հանդիսատեսն ավելի ճկուն միտք ունի»,-ասաց Լուիս վան Թեյլորը, ինչին կոնտրաբասահար Կարլ Վինսենտը ավելացրեց՝ հայ հանդիսատեսն ավելի խելացի է։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ


















































