Սահմանադրական դատարանի որոշումը «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի դիմումի վերաբերյալ թույլ է տալիս դատական ակտը վերանայել։ Այս մասին Aravot.am-ին ասաց Բարսեղյանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանն ու դատարանում նրա ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վիճարկում են անձնական կյանքի անձեռնմխելիության եւ անձնական ազատության իրավունքի խախտման օրենսդրական նորմերի անհամապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը։
Հիշեցնենք նաեւ, որ 2011 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումների օրը Բարսեղյանին բերման էին ենթարկել եւ 3 ժամ պահել ոստիկանությունում։ Նրան ազատ արձակեցինի զորահանդեսի ավարտից հետո միայն։
Լեւոն Բարսեղյանի ազատ խոսքի ու ազատ տեղաշարժման իրավունքի խախտումը արձանագրել էր նաեւ Վարչական դատարանը՝ պարտավորեցնելով դատական ծախսերի համար փոխհատուցել, բայց Բարսեղյանը պահանջում է նաեւ բարոյական վնասի փոխհատուցում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































