Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի,
Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով հերթական դատական նիստն է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը, որը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ, կրկին առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել նիստին:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանի պնդմամբ՝ նիստի ներկայանալ՝ նշանակում է ինքնազգացողության կտրուկ անկումներ ունենալ, ուստի ինքը դատարան կգա այն ժամանակ, երբ դատավարական գործողությունը կառնչվի իրեն:
Եղնուկյանի, նաեւ նրա շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի բացակայության պատճառով, ըստ օրենքով սահմանված կարգի, նիստը հետաձգվեց մինչեւ հաջորդ հինգշաբթի՝ նոյեմբերի 16-ը, իսկ մինչ այդ դատավորը խոստացավ փորձել լուծումներ գտնել ամբաստանյալներից ոմանց կողմից բարձրացված խնդիրների առնչությամբ:
Մանրամասն՝ քիչ ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































