Հարցին, թե Հայաստանում դժգոհում են աշխատատեղի բացակայությունից եւ շատ դեպքերում արտագաղթում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ձեր կարծիքով իրական պատճառը ո՞րն է, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, որն այսօր մասնակցում էր Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառին, պատասխանեց. «Իրավացի եք, Հայաստանում դժվարին տնտեսական իրավիճակ է եւ չեմ ուզում ձեւացնել, որ դա այդպես չէ, չնայած այս տոնավաճառում ներկայացված են բավականին մեծ թվով աշխատատեղեր: Ես չեմ կարող ասել, թե Հայաստանից մարդիկ, երիտասարդներն ինչու են հեռանում, բայց կարող եմ ասել, որ, եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումների, ձեռներեցության խթանման, քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ջանքերը, ապա մարդիկ ավելի շատ կուզեն մնալ իրենց երկրում»:
Դեսպանի խոսքով, աշխատատեղեր Հայաստանում կան. «Ես կարող եմ դա հաստատել, այստեղ ներկայացված գործատուների հետ զրուցելու առիթ ունեցա, տարբեր ոլորտի մասնագետների կարիք կա: Եվ աշխատելով ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերով շրջանավարտներից երկուսի հետ, ուրախ եմ, որ կարողացել ենք այս հնարավորությունն ընձեռել, որ աշխատանք փնտրողն ու աշխատանք առաջարկողը միմյանց հետ հանդիպելու, կապ հաստատելու հնարավորություն ունենան: Բայց ուզում եմ ասել, որ միջոցառումն այսքանով չի սահմանափակվում այն նաեւ միտված է օգնել հայաստանյան ձեռներեցներին, որոնք ցանկանում են իրենք իրենց համար աշխատանք ստեղծել»:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ




















































