Հայաստանի մշակութային մայրաքաղաքը`Գյումրին, պետական պատկերասրահ չունի. 2 մասնավոր պատկերասրահ է գործում: Քաղաքի կենտրոնում` Ռիժկովի ճեմափողոցում գտնվող գլխավոր պատկերասրահը, որը «Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերից է, արդեն մասնավորեցվել է. պատկանում է քանդակագործ Արտուշ Պապոյանին: Վերջինս քանդակել է Գյումրու կենտրոնում տեղադրված «Հայուհի» արձանը` Աստվածամոր կերպարով, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ գումարի փոխարեն նրան է հանձնել այս շենքը: Քանդակագործը վերանորոգել, կարգի է բերել այն: Այսօր 2-րդ հարկում գործում է ցուցասրահ, իսկ առաջին հարկը ծառայում է որպես ներքնազգեստի և հագուստի խանութ: Հետաքրքիրն այն է, որ մեծ տառերով գրված ու միանգամից ուշադրություն գրավող «Պատկերսարահ» ցուցանակի տակ տեղադրված են մանեկեններ`ներքնազգեստներով (տես լուսանկարում):

Խնդրի շուրջ զրուցեցինք նաև Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ, «Սթիլ» պատկերասրահի տնօրեն Արտուշ Մկրտչյանի հետ:

Մեր դիտարկմանը, թե խոսքը պետական պատկերասրահ չունենալու մասին է, ոչ թե մասնավոր, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց. «Բայց ինչ նշանակություն ունի մասնավո՞ր է, թե՞ պետական, երբ ես անվճար տրամադրում եմ: Եթե մենք չունենք ակտիվ արվեստագետներ, որոնք ուզում են ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվել, ուղղակի պասիվ արվեստագետներ են, որոնք չեն պատկերացնում ցուցադրության առավելությունը, ասում-խոսում են վերամբարձ բաներից, ասում են` քաղաքում պատկերասրահ չկա, այն դեպքում, երբ 2-3 պատկերասրահ ունենք, ինչ նշանակություն ունի մասնավո՞ր է, թե՞ պետական»:
Մինչդեռ արվեստաբան Արաքսյա Մարգարյանը պնդում է, որ Գյումրիին հիմնական պատկերասրահ է անհրաժեշտ: « Անընդհատ գործերը հանել-դնելը, տարածք ազատելը ուրիշ գործի համար սխալ է, մեզ հիմնական պատկերասրահ է հարկավոր», -ասում է նա` առաջարկելով. «Ավելի ճիշտ կլինի, եթե ստեղծենք շենք, ուր կհավաքվեն բուն գյումրեցիների գործերը, որովհետև մենք շատ մեծ գործեր ունենք, բայց մի տանիքի տակ ներկայացված չեն: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք սերնդափոխություն. Հնին գալիս է փոխարինելու նոր սերունդը, բայց դեռ մենք չենք ամրագրել հինը»:
Շուշան Սարգսյան
Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի


















































