Իրանագետ Արտյոմ Տոնոյանի կարծիքով, Իրանի պատվիրակության այցը Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցավ, քանի որ հանդիպման ժամանակ արտգործնախարար Մոհամադ Զարիֆն իր հայտարարությունում նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Մոհամադ Զարիֆի այն հայտարարությունը, թե Իրանը գնահատում է Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում, փորձագետի խոսքով՝ սա արդեն հասցեական ուղերձ էր Ադրբեջանին. «ԼՂՀ հակամարտության հետ անընդհատ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր եւ օկուպանտ։ Արտգործնախարարի հայտարարությունների նկատմամբ Ադրբեջանի խորհրդարանը անտարբեր չմնաց։ Որոշ պատգամավորներ հայտարարեցին, որ Մոհամադ Զարիֆի այդ հայտարարությունը ադրբեջանական հասարակության համար ապշեցուցիչ է, քանի որ գնահատվում են մի երկրի ջանքեր, որը ամբողջովին հակառակ գործընթաց է կատարում տարածաշրջանում, շեշտելով ԼՂՀ-ի «օկուպացիան» եւ Խոջալուի դեպքերը»։
Արտյոմ Տոնոյանը պատահական չի համարում այս շրջանում արտգործնախարարի այցը Հայաստան, պարզաբանելով, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիր է կնքվել եւ Հայաստանը պետք է ստեղծված հնարավորությունը օգտագործի եւ Իրանի համար կամուրջ հանդիսանա դեպի ԵԱՏՄ եւ ԵՄ. «Հայաստանը ֆորմալ առումով տարածաշրջանում միակ երկիրն է, որը կարող է առաջարկել Իրանին կառուցել իր տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ»։

Անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերություններին, փորձագետները նշեցին, որ այցի ընթացքում քննարկվել են էներգիային, մշակույթին, կրթությանը, ազատ առեւտրի տնտեսական գոտու եւ տրանսպորտի տարանցիկ ուղիների զարգացմանը, իրանական ներդրողների՝ Հայաստանում ներդրումներ անելու վերաբերյալ թեմաներ։
Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


















































