Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր արեւմտամետները ԵՄ-ի հետ վերոնշյալ փաստաթղթի ստորագրումից հետո մի տեսակ այլ աչքով են նայում Սերժ Սարգսյանին, որպես իրենց իղձերը կատարողի. «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2017 11:38

Շփոթվա՞ծ ենք: Ի՞նչ կա որ, Եվրոպան բարեհաճել է մեզ հետ թուղթ ստորագրել` չնայելով մեր տրեխներին: Այո, այո, հենց տրեխներին, որոնցից չենք հրաժարվել եւ վերջին երկիրն ենք, գուցե, Եվրոպայում` մեր այդ սովետական հագուկապով: Բայց շփոթված մարդը, առհասարակ, չի աղմկում, այլ փորձում է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ իր շուրջը եւ իր հետ: Մինչդեռ մենք նախ աղմկում ենք: Այսպիսի առիթի համար մի լավ խոսք կա` մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում: Նոյեմբերի 19-ին Բագրատաշենի անցակետում ՀՀ ԱԱԾ-ն իր 15 աշխատակիցներով ՀՀ քաղաքացուն գցում է քացու տակ, իսկ ընդամենը 5 օր անց, նոյեմբերի 24-ին, ՀՀ-ն ԵՄ-ի հետ թուղթ է ստորագրում համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին: Այ, սրա մասին եկեք մտածենք` կարողանալո՞ւ ենք կրել քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելու ծանր բեռը, թե՞ շարունակելու ենք ապրել հին օրենքներով: Սա պետք է դառնա մեր արեւմտամետների եւ ռուսամետների բանավեճի թեման: Այլապես առաջինները, ոգեւորված «ձեռք բերվածով», արդեն հայտարարում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, իսկ երկրորդները վատաբանում են ԵՄ-ն` փորձելով ապացուցել, որ լավը ԵԱՏՄ-ն է: Իրականում ո՛չ ԵՄ-ն ենք մենք ստեղծել, ո՛չ էլ ԵԱՏՄ-ն ու, առավել եւս՝ ՀԱՊԿ-ն: Մենք ընդամենը անդամակցել կամ փորձում ենք անդամակցել դրանց` մեր շուրջն ընթացող պրոցեսներից դուրս չմնալու համար: Այս ընթացքով մենք կարող ենք Հայաստանը վերածել ԵՄ-ԵԱՏՄ բախման թատերաբեմի, մինչդեռ Մոսկվայում եւ Բրյուսելում լիահույս են, որ Հայաստանը կամուրջ է դառնալու նրանց միջեւ:

Մեկը՝ իբր ԵՄ-ն մեզ գրկաբաց ընդունել է արդեն, օրինագիծ է գրում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, մյուսն էլ՝ իբր մեզ Ռուսաստանից անդառնալիորեն պոկում են, հաթաթա է տալիս, թե մեր անվտանգությունն է հայտնվում հարցականի տակ: Այդպես չէ: Երկու կողմն էլ սխալ է: Մեզ զարգացման հնարավորություն են տալիս թե՛ ԵՄ-ն եւ թե՛ ԵԱՏՄ-ն, մեր անվտանգության հարցերում դերակատար են թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ՀԱՊԿ-ն: Սա պարզ գիտակցելու բան է, եթե, իհարկե, կա դրա ցանկությունը: Իսկ եթե չկա, ապա մեջտեղում միայն աղմուկն է, որ բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ:

Ակնհայտ է, որ մեր արեւմտամետները ԵՄ-ի հետ վերոնշյալ փաստաթղթի ստորագրումից հետո մի տեսակ այլ աչքով են նայում Սերժ Սարգսյանին, որպես իրենց իղձերը կատարողի: Դե իսկ 2018թ. վարչապետի հարցն ընդհանրապես մոռացվել է: Դա, իհարկե, լավ է: Լավ է երկրի համար, լավ է ներքին համերաշխության առումով: Բայց դա ամենեւին լուրջ պատճառ չէ, որպեսզի մեր արեւմտամետ գործիչները «քացիներ» տան Ռուսաստանին: Աշխարհը Եվրոպայի հետ թուղթ ստորագրելով չի ավարտվում, եւ ավելին` Եվրոպայի հետ թուղթ ստորագրելը հղի է որոշակի հետեւանքներով, որոնցից չի խուսափել Արեւելյան գործընկերության եւ ոչ մի երկիր, որ մեզնից առաջ անցել է այդ ճանապարհով: Մյուս կողմից էլ` «Ուկրաինայի դուրս թռած աչքերը» մեզ պետք է հուշեն, թե ինչ է նշանակում Ռուսաստանին քացի տալ եւ հրաժարվել բանակի սպառազինությունից ու սպասել, որ եվրոպական տանկերը հասնեն հայկական լեռները:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930