Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում ամբողջովին այրվել են Հայկ եւ Սոֆիա Խարխալյաններին պատկանող տները: Սոֆիան Հայկ Խարխալյանի հորեղբոր կինն է: Բարեբախտաբար, ընտանիքների անդամներին հաջողվել է փրկել, սակայն առանց այդ էլ սոցիալապես անապահով մարդիկ մնացել են առանց տան եւ տան գույքի: Նրանք գիշերում են բարեկամների տներում: Հրդեհի պատճառը պարզելու համար նշանակված է փորձաքննություն:
Դեպքի վայր է ժամանել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանն ասաց, որ խոշորացված Այրում համայնքի (որի կազմում է Հաղթանակ գյուղը) ղեկավար Արայիկ Պարանյանն այցելել է հրդեհի վայր, Այրումի համայնքապետարանը տուժածներին դրամական օգնություն է ցուցաբերել: Վերջիններիս հագուստի եւ այլ պարագաների օգնություն է ցուցաբերել Կարմիր խաչը:


Վ. Շարոյանն ասաց, որ այդ ընտանիքների վատ վիճակը տեսնելով՝ գիշերներն իր քունը չի տանում: Նա հույս է տածում, որ բարի մարդիկ օգնության ձեռք կմեկնեն, գումարներով կօգնեն ծանր վիճակում հայտնված երկու ընտանիքներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































