«ԵԽ նախարարների խորհրդի այս որոշումը համարում եմ աննախադեպ, այն է` դատական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների խորհուրդն իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ, քանի որ վերջինս շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014թ. որոշումը՝ կապված ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու հետ:
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ մինչ այս նախարարների կոմիտեն երբևէ նման որոշում չի կայացրել:


Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՄԻԵԴ Մեծ պալատում կսկսվի Ադրբեջանի դեմ գործի քննությունը:
Հարցին՝ այդ գործընթացը կհանգեցնի՞ Ադրբեջանի՝ ԵԽ կազմից դուրս թողնելուն, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ադրբեջանը միակ երկիրն է, որ չի կատարում ՄԻԵԴ որոշումը: Դժվարանում եմ պատասխանել: Ամեն ինչ կախված է, թե որքանով կշարունակի Ալիևն իրեն պահել ցինիկ ու հայտարարել, որ Ադրբեջանն իրավունք ունի յուրովի մեկնաբանել ՄԻԵԴ որոշումները: Երբ կկուն հոտած է, սկսում է բույնն անընդհատ փոխել, նույնն էլ Ադրբեջանը՝ չհասկանալով, որ տոտալիտարիզմի հոտն իրենից է գալիս: Այստեղ ցանկացած զարգացում հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է: Աննախադեպ երևույթ է չկատարել ՄԻԵԴ որոշումը, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ կետի խախտում է»:
Նաիրա Զոհրաբյանը նաև վստահեցրեց, որ հունվարի 22-ից 26-ը Ստրասբուրգում կայանալիք՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին այս հարցին անպայման անդրադարձ կկատարվի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































